Դերասան Հովհաննես Դավթյանն արդեն չորրորդ անգամ իր «Անքնություն» Stand up ժանրում կատակերգությամբ հանդիսատեսին ներկայացնելու է այն խնդիրները, որոնցից յուրաքանչյուրին առնչվում է Հայաստանում բնակվող գրեթե յուրաքանչյուր քաղաքացի: Դեկտեմբերի 14-ին չորրորդ անգամ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում նա միայնակ կանդրադառնա սոցիալական, տնտեսական այն թեմաներին, որոնց պատճառով շատ-շատերը քնել չեն կարողանում: Հովհաննես Դավթյանի և Էդգար Կոստանդյանի հեղինակած մոնոներկայացման բեմադրիչն է Կարապետ Բալյանը:
«Ներկայացումը սկսվում է իմ անքնության խնդրով, բողոքներով, այնուհետև անցում եմ կատարում այլ թեմաների, որոնք այսօր ակտուլ են՝ սոցիալական, տնտեսական: Եթե ապրում ես Հայաստանում, չես կարող այդ թեմաներին, խնդիրներին չառնչվել: Եզրափակիչ մասում անդրադարձ եմ կատարում արտագաղթի թեմային: Ներկայացման ողջ ընթացքում կա հումոր, իսկ վերջում՝ ասելիք: Ես կողմ չեմ միայն ծիծաղի՝ առանց ասելիքի»,-Life.panoarama.am-ի հետ զրույցում կատակերգության բովանդակությունը հակիրճ այսպես ներկայացրեց Հովհաննես Դավթյանը:
Պատասխանելով հարցին, թե Stand up-ը բավականին բարդ ժանր է, ինչո՞ւ է հենց այդ ժանրում որոշել հանդես գալ, դերասանն ասաց. «Այո, բարդ է: Ողջ պատասխանատվությունը մեկ հոգու վրա է ընկնում: Բայց լսելով հանդիսատեսի, պրոֆեսիոնալների կարծիքը, հասկացա, որ իմ մոտ ստացվում է: Վստահում եմ հնչած կարծիքներին: Եթե լավ է ստացվում՝ ինչու ոչ: Հայաստանում այս ժանրը զարգացած չէ: Միգուցե կարող է հենց ես այս ժանրը հասցնեմ ինչ-որ մակարդակի»:
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն սկսում են գրել նույն ժանրում երկրորդ ներկայացման սցենարը, որը, դերասանի ներկայացմամբ, պետք է լինի ավելի հետաքրքիր, ծիծաղելի ու գրավիչ: Հ. Դավթյանը խաղում է նաև սերիալներում, սակայն վստահեցրեց, որ թատրոնն ու սերիալը իրար հետ որևէ կապ չունեն. «Սերիալում կերտած իմ կերպարներից ոչ մի նշույլ, դետալ չեք տեսնի ներկայացման մեջ, ոչ մի անդրադարձ չկա: Սա լրիվ այլ բան է: Թատրոն է, ներկայացում է Stand up ժանրում: Լրիվ այլ կերպար է, այլ դերասանական խաղ ու այլ մոտեցում»: