Զոհված զինծառայողների ընտանիքները հնարավորություն կստանան երկու անգամ ստանալ փոխհատուցում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թ.-ի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ: Նախագծի ընդունման նպատակը որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է:
Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ ծրագրի շահառու հանդիսացող՝ զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ (600 հազ. դրամ), և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ (5,5 մլն դրամ)։ Համաձայն հավելվածի 6-րդ կետի՝ ընտանիքում 1-ից ավելի զոհված զինծառայող լինելու դեպքում ծնողները յուրաքանչյուր զավակի դեպքում առանձին, ընդհանուր կարգով կարող են օգտվել պետական աջակցությունից: Նախարարությունը ստացել է առաջարկություն՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար հատկացվող փոխհատուցման ծրագրի շրջանակներում ծնողներին ընձեռելու ևս մեկ հնարավորություն՝ անկախ այն հանգամանքից, թե ծնողները քանի զոհված զավակ ունեն։
Այս առաջարկության հիմքում դրվել է այն փաստը, որ որոշման շրջանակներում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար մեկ անգամ փոխհատուցում ստացած շահառու ծնողը ցանկություն է հայտնել ևս մեկ երեխա ունենալ փոխնակ մոր միջոցով: Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրել առավելագույնը՝ երկու անգամ (յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում): Միաժամանակ առաջարկվում է՝ առողջապահության նախարարության կողմից տրվող տեղեկատվության մեջ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար հրամանի վերաբերյալ նշումը կատարել ոչ միայն դոնորական ձվաբջջի ձեռքբերման դեպքում, այլ նաև նախագծով առաջարկվող փոփոխությամբ պայմանավորված՝ նաև փոխնակ մոր ծառայություններից օգտվելու դեպքում:
Ծրագրի մեկնարկից սկսած (2022 թ.-ի մայիս) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկություն 60 շահառու ծնողի վերաբերյալ, որից նշված ժամանակահատվածում փոխհատուցում տրվել է (ամբողջովին կամ մասնակի) 27 շահառուի (շուրջ 45 տոկոս): Նախարարության դիտարկմամբ, փոխնակ մոր ծառայություններից 2-րդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը 2025 թ.ին առավելագույնը կարող է կազմել 2-3, որի դեպքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կկազմի՝ 11-16,5 մլն դրամ: Միջոցառման իրականացման համար 2025 թ.-ի պետբյուջեի նախագծով առաջարկվել է նախատեսել 82 մլն դրամ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում