Արյան, վշտի ու ցավի հիշողությունը կրող ճարտարապետական հանրահայտ կոթող․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռայխստագը Գերմանիայի խորհրդարանի շենքն է Բեռլինում: Այնտեղ են 1894-1933 թվականներին տեղի ունեցել համանուն պետական կառույցի ժողովները։ 1999 թվականին շենքը(ինչպես և, բնականաբար, խորհրդարանը) վերանվանվել է Բունդեսթագ։ Այսօր դա Բեռլինի գլխավոր տեսարժան վայրերից է, որը ամեն տարի գալիս են տեսնելու միլիոնավոր զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկներին այն առաջին հերթին գրավում է իր բարդ ու հարուստ անցյալով, որն անբաժանելի է Գերմանիայի պատմությունից։ Այսօր Ռայխստագի ներսից ու դրսից տեղտեղ պահպանվել են ծխից սևացած պատերին ռուս զինվորների գրությունները, գնդակների հետքերը։ Այդ պատմական բեկորներն ուժեղ տպավորություն են թողնում, քանի որ տպավորիչ են մյուս՝ հիանալի վերականգնված պատերի ֆոնին: Պետք է ասել, որ գերմանացիների համար Ռայխստագի սիմվոլիկան մեծամասամբ լցված է վշտով, արյունալի ու անիմաստ պատերազմի հիշողությամբ։
Բայց դա, նաև եվրոպական նոր երկրի կերպար է՝ զարգացած տնտեսությամբ, ազատություններով և ժողովրդավարական կառուցվածքով։ Իտալական բարձր Վերածննդի ոճով շքեղ շինությունը՝ Ռայխստագը, կառուցվել է ֆրանկֆուրտցի ճարտարապետ Փոլ Ուոլոտի նախագծով։ Ռայխստագի առաջին քարը դրվել է կայզեր Վիլհելմ I-ի կողմից 1884 թվականին։ Կապիտալ աշխատանքը շատ երկար ժամանակ չի մեկնարկել, քանի որ այդ տարածքը դիվանագետ Դյուկ Ռաձինսկու մասնավոր սեփականությունն էր, որը մինչև իր մահը շինարարության թույլտվություն չէր տալիս: Սակայն նրա ժառանգներն, այնուամենայնիվ, ստորագրել են թույլտվության փաստաթղթերը, որպեսզի առաջին քարը դնելուց տասը տարի անց ավարտվի գերմանական խորհրդարանի շենքի շինարարությունը։ Չնայած ճարտարապետը փորձել է Ռայխստագը դարձնել վեհաշուք՝ կայսրության ոգուն համապատասխան, սակայն Վիլհելմ II-ին ամենևին էլ դուր չի եկել արդյունքը։ Այնուամենայնիվ, խորհրդարանն իր նիստերը տեղափոխել է այդտեղ:
20-րդ դարի սկզբին բռնկված աշխատավորական բողոքի բոցը հասել է նաև Գերմանիա։ Հենց Ռայխստագի պատշգամբներից մեկից է հռչակվել դեմոկրատական հանրապետությունը։ Իսկ բուն շենքը, ոչ առանց վնասելու, գրավել էին հեղափոխականները։ 1933 թվականին Ռայխստագում սաստիկ հրդեհ է տեղի ունեցել։ Հիտլերը, որն արդեն իշխանության էր, այդ միջադեպի համար մեղադրել է կոմունիստական շարժման ներկայացուցիչներին։ Շատ պատմաբաններ կարծում են, որ հրկիզումը կազմակերպվել էր հենց սոցիալ-դեմոկրատների կողմից՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար: 1945 թվականին խորհրդային ինքնաթիռների ռմբակոծության արդյունքում շենքից մնացել էին միայն ավերակներ։ Որպես հիտլերյան Գերմանիայի խորհրդանիշ էր Ռայխստագը դարձել մայրաքաղաքի գլխավոր ռազմական թիրախը։ Պատերազմի ավարտից միայն գրեթե 10 տարի անց է երկրի կառավարությունը օրակարգ մտցրել Ռայխստագի վերակառուցման հարցը։ Մնացած ավերակները պայթեցվել են, սակայն դրանց որոշ հատվածներ դեռ պահպանվում են։ Սկսվել է այդ պատմական հուշարձանի ամբողջական վերակառուցումը։
1972 թվականին ճարտարապետ Պոլ Բաումգարտենը կարողացել է վերակառուցել Ռայխստագը։ Այն տարբերվում է իր սկզբնական դիզայնից, այնուամենայնիվ, պահպանում է Վերածննդի ոճի որոշ առանձնահատկություններ։ Մինչև 1992 թվականը այդտեղ էր գտնվում Պատմության ինստիտուտը։ Նույն թվականին բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը տանիքի կենտրոնում կանգնեցրել է շքեղ ապակե գմբեթը, որը ներկայումս ռայխստագի այցեքարտն է։ 1999 թվականից Ռայխստագը կրկին դարձել է կառավարական շենք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում