Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով
SocietyՀանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեզոնային գրիպով հիվանդացած անձանց թիվն աճի։ Բացի շնչառական վարակներով պայմանավորված հիվանդություններից՝ նոր թափ է հավաքել նաև կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19)։
Ի՞նչ իրավիճակ է այժմ ՀՀ-ում, ի՞նչ անել, եթե քաղաքացին հիվանդացել է և, իհարկե, որքա՞ն կորոնավիրուսային հիվանդությունով վարակված կա հանրապետությունում․ այս հարցերը MediaHub–ն ուղղեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ)։
«2024թ-ի թվականի 47-րդ շաբաթվա (18-24.11.2024թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ, ինչը համահունչ է սեզոնին։ Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը աճել է 1,1 անգամ, նախորդ՝ 2023թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ նույնքան բարձր է։ Ընդհանուր դեպքերի 75%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումները, նախորդ շաբաթվա համեմատ ևս բարձր են՝ 1,1 անգամ։ Հոսպիտալացված դեպքերի 95%-ը 0-18 տարեկաններն են»,– ասացին ՀՎԿԱԿ–ից։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում, ինչպես հայտնում են կենտրոնից, հայտնաբերվել է գրիպ Ա տեսակի H1/pdm09 ենթատեսակի հարուցիչներ։ Այլ շնչառական վարակներից շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի և պարագրիպի հարուցիչներ։
«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 42 նոր դեպք (հ.ց. 1.4 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (53 դեպք, հ.ց. 1.8 դեպք ըստ 100.000 բնակչության) նվազել է 11 դեպքով: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 21 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (21 դեպք) մնացել է նույնը: Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=1.23»,– նշեցին կենտրոնից։
Կարմրուկով վարակվածների թիվը ևս նվազել է․ «2024թ հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 556 դեպք, որից լաբորատոր հաստատված՝ 556 դեպք (2023 թվականին՝ 554 դեպք, որից՝ լաբորատոր հաստատված 545 դեպք, 9 դեպք՝ համաճարակաբանական կապով)»:
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին գրանցվել է կարմրուկի 65 դեպք:
2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դեպքերի թիվը նվազել է, գրանցվել է ընդամենը 7 դեպք, որը ավելի քան 9 անգամ քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից: Վերջին 4 ամիսների ընթացքում գրանցված դեպքերը հիմնականում բերովի դեպքեր են կամ համաճարակաբանորեն կապված են բերովի դեպքերի հետ:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվե՛ք եղանակին համանունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային:
Մարիաննա Արամյան