Ռադիոկառավարվող ավտոմեքենաներ. խաղալի՞ք, թե՞ մարզաձև․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջին ռադիոկառավարվող մեքենաները հայտնվել են դեռ 1940-ականներին։ Նրանք ունեին կարբյուրատորային շիկացման շարժիչ (մոմը ոչ թե կայծ էր տալիս, այլ շիկանում էր) և շարժվում էին բացառապես շրջանաձև (լարի միջոցով): Նման մոդելները համեմատաբար քիչ հնարավորություններ ունեին։ Մեքենաները հավաքվում էին միայն էնտուզիաստների կողմից և չեն օգտագործվել կոմերցիոն նպատակներով։ Բայց եղել են ոչ միայն լարային մեքենաներ. 1950-ականների սկզբին կային մոդելներ, որոնք շարժվում էին կառուցված ուղու երկայնքով, այսինքն՝ ժամանակակից խաղալիք երկաթուղիների նման մի բան էին: Սկզբում այդ մեքենաները հագեցած էին ներքին այրման շարժիչներով, սակայն հետագայում սկսեցին հայտնվել էլեկտրական շարժիչներով մեքենաներ։ Բայց այդ մոդելներն անհնար է անվանել ռադիոկառավարվող, քանի որ դրանք շարժվում էին միայն նշագծված ճանապարհով կամ լարով։
1950-ական թվականներին սկսեցին հայտնվել իրական ռադիոկառավարմամբ մեքենաների առաջին մոդելները։ Սակայն դրանք ևս դեռ հեռու էին լիարժեք ռադիոկառավարվող լինելուց, քանի որ դիսկրետ էին, աշխատում էին միացնել/անջատելու սկզբունքով, կարող էին շարժվել միայն մեկ ուղղությամբ: Ավելի իրական ռադիոկառավարմամբ մեքենաներ սկսեցին հայտնվել միայն անցյալ դարի 60-ական թվականներին: Իտալական Elettronica Giocattoli ընկերությունը սկսեց դրանց կոմերցիոն արտադրությունը։ Ճիշտ է, դրանք դեռևս լարով կառավարվող մոդելներ էին։ Հետագայում իտալացիներին միացան այլ երկրների արտադրողներ։ Ռադիոկառավարվող մեքենաների զարգացման ոսկե դարաշրջանը սկսվեց 1970-ականների երկրորդ կեսին, երբ ճապոնացիները թողարկեցին նոր դասի մեքենաներ: Հիմնականում դրանք իրական մեքենաների ճշգրիտ պատճեններն էին 1/12 մասշտաբով: Ճապոնական ընկերությունների արտադրանքը սկսեց մեծ ժողովրդականություն վայելել ռադիոսիրողների շրջանում և շոշափելի ներդրում ունեցավ այդ ոլորտի զարգացման գործում:
Այդ ժամանակ նման մեքենաների մրցույթները ակտիվորեն նկարահանվում էին և նույնիսկ ցուցադրվում հեռուստատեսությամբ, ինչը, անկասկած, նպաստում էր ռադիոկառավարվող ավտոմեքենաների զարգացմանը ոչ միայն պրոֆեսիոնալների, այլ նաև սիրողների շրջանում: 1984 թվականին հայտնվել է առաջին ամենագնաց մոդելը՝ RC10 Բագգին, և ներկայացվել համաշխարհային պրոֆեսիոնալ մրցույթների։ Այն ստեղծվել է բարձրորակ ալ յումինից, ունեցել է յուղային հարվածամարիչներ, կարգավորվող կախոց, գնդային առանցքակալներ, փոխանցման տուփ և բարձրորակ նեյլոնե կոմպոզիտային սկավառակներ: Մոդելը նաև ուներ էլեկտրական շարժիչ։ Բնականաբար, այդ մեքենան արագորեն մեծ ժողովրդականություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: Այդ մոդելներն իրական մեքենաների պատճեններ էին, որոնք նախատեսված էին անապատային մրցարշավների համար: Այդ ժամանակից էլ ակտիվորեն սկսեց զարգանալ ամենագնաց մոդելների արտադրությունը։
Հետագայում ռադիոկառավարվող մոդելների մշակման պատմությունը զարգացել է արտադրող ընկերությունների մրցակցության արդյունքում։ Մեքենաների մասշտաբները գնալով փոքրացել են։ Ներքին այրման շարժիչներով և էլեկտրական շարժիչներով մոդելների գոյության ընթացքում երկու դասերն էլ զգալի բարելավումներ են ստացել: Էլեկտրական ուղղությամբ կարելի է դիտել միտում, երբ տեղադրվում են ավելի հզոր շարժիչներ, և անցում է կատարվում լիթիումական մարտկոցների: Ներքին այրման շարժիչների դասում ևս կա շարժիչի հզորության աստիճանական, բայց անընդհատ աճ: Ժամանակակից մոդելներում արդեն դժվար է գտնել 0,12-0,15 խորանարդ դյույմ շարժիչի հզորությամբ մոդելներ, ավելի ու ավելի շատ մեքենաներ ունեն 0,36-0,4 խորանարդ դյույմ ծավալով շարժիչներ, և դա, հավանաբար, սահմանագիծը չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում