TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել
Event of the dayTikTok սոցիալական ցանցը նոր սահմանափակումներ է մտցնում մինչև 18 տարեկան օգտատերերի համար։ Դեռահասներին կարգելվի օգտագործել արտաքին տեսքը փոխող «գեղեցկության ֆիլտրներ»։ Ընկերությունը հայտարարել է, որ արգելքը պայմանավորված է նրանով, որ «ֆիլտրների» պատճառով երիտասարդները (հատկապես աղջիկները) սկսում են քննադատաբար վերաբերվել իրենց արտաքինին, նրանց ինքնագնահատականն ընկնում է, հայտնում է The Guardian-ը։
Արգելքը վերաբերում է միայն «գեղեցկության ֆիլտրներին», որոնք թույլ են տալիս մեծացնել շուրթերը, հարթեցնել կամ փոխել մաշկի երանգը: Կոմիկական էֆեկտներով «ֆիլտրները», որոնք, օրինակ, տարբեր կենդանիների դիմակներ են առաջարկում, չեն ընկնի սահմանափակումների տակ:
Ընկերությունը նաև հայտարարել է օգտատերերի տարիքի նկատմամբ վերահսկողության ավելացման մասին: Մինչև տարեվերջ TikTok-ը կսկսի փորձարկել մեքենայական ուսուցման համակարգեր, որոնք կարգելափակեն մինչև 13 տարեկան օգտատերերի հաշիվները։