Թբիլիսիում 2 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից
International newsԹբիլիսիում երկու օրվա ընթացքում ցուցարարների բռնարարքների հետևանքով ծանր վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 42 աշխատակից։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։
Փոխնախարարի խոսքով՝ ցուցարարների ագրեսիվ խմբերը Ռուսթավելիի պողոտայում շարունակ մեծ քարեր ու շինարարական աղբ էին հավաքում՝ ոստիկանների վրա նետելու համար։ Այդ կապակցությամբ իրավապահները որոշել են հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին խորհրդարանին հարող տարածքից ցրելու համար։
Վերջին երկու օրում Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ցույցերը վերաճել են բախումների ցուցարարների և անվտանգության ուժերի միջև, որոնք օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Երկու կողմից էլ կան տուժածներ։ Երկու օրվա ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 150 մարդու։