Ամենաթունդը նախկին ԽՍՀՄ-ում, որը, սակայն, այդպես էլ չարմատավորվեց. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Առնվազն նախկին ԽՍՀՄ բնակիչները հիանալի ծանոթ են «Մայրաքաղաքային» աղցանին: Սակայն ավելի հին սերունդը ծանոթ է նաև նույնանուն գարեջրին: Ընդհանրապես, ԽՍՀՄ-ում, հակառակ հին կատակի, որ երկրում կա գարեջրի երկու տեսակ՝ «գարեջուր կա» և «գարեջուր չկա», իրականում կար գարեջրի բավականին մեծ տեսականի։ Դժվար է հստակ ասել, թե քանիսն են դրանք եղել, սակայն հետազոտողները պնդում են, որ խոսքն առնվազն 300-ի մասին է։ Սակայն այնպես չէ, որ դրանք բոլորն էլ հայտնի են եղել կամ հիշվում են մինչև հիմա: Ամենահայտնին, իհարկե, «Ժիգուլևյանն» էր։ Այն վաճառվում էր բառացիորեն ամենուր։ Իսկ «Լենինգրադյանը» համարվում էր ամենաթունդը։ 20 % խտության դեպքում նրա թնդությունը կազմում էր 6 %: Ինչ-ինչ պատճառներով գարեջրի հենց այդ տեսակն է խորհրդային հանրագիտարաններում անվանվել «ամենաթունդը»:
Մարդիկ, իհարկե, հավատացել են դրան, և ԽՍՀՄ-ում առասպել է հայտնվել, որ երկրում 6 %-ից ավելի թունդ գարեջուր չեն պատրաստում։ Այնուամենայնիվ, իրականում «Լենինգրադյանը» հեռու էր ամենաթունդ գարեջրի դափնեպսակը կրելուց: Այդ առումով «Մայրաքաղաքային»՝ «Столичное» գարեջուրն էր ԽՍՀՄ-ում առաջատարը։ Այն մշակվել էր դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ 1939 թվականին, և սկսել է արտադրվել գրեթե բոլոր խոշոր գործարաններում՝ Բադաևսկու, Օստանկինոյի, Ժիգուլևսկու, Վոլգայի, Ֆրունզենսկի և այլն: «Գարեջրի այդ տեսակի նախատիպը ակնհայտորեն գերմանական կրկնակիբոկն էր, որը նախահեղափոխական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում սովորաբար եփվում էր «Սալվատոր» անունով (Գերմանիայում դա պարզապես կրկնակի բոկերից մեկն էր, թեև գուցե ամենահայտնին):
Պատերազմից առաջ գարեջուրն ուներ 19 % խտություն, սակայն պատերազմից հետո այն եփվեց 23 % խտությամբ և 7 % թնդությամբ», - գրել է խորհրդային գարեջրի հետազոտող Պավել Եգորովը: «Մայրաքաղաքայինը» պատրաստվել է առաջին կարգի թեթև ածիկից՝ ավելացնելով 20 % բրնձի ալ յուր, 16 % շաքարավազ, 4% գլ յուկոզա և գայլուկ՝ 61 գրամ: Գույնով գարեջուրը եղել է սաթագույն, իսկ համով՝ քաղցրա-դառը՝ թեթևակի գինու հետհամով: Այն վաճառվում էր 0,5 լիտրանոց շշերով, իսկ արժեքը 55 կոպեկ էր, ինչը բավականին թանկ էր։ Համեմատության համար ասենք, որ նույն ժամանակ «Ժիգուլևսկին» արժեր 25 կոպեկ։ Թերևս հենց այդ գնի պատճառով էլ «Մայրաքաղաքայինը» ԽՍՀՄ-ում չարմատավորվեց։
Ի վերջո, արդեն 1960-ականներին այդ գարեջրի արտադրությունն ընդմիշտ դադարեցվել է։ 1970-ականների վերջից «Մայրաքաղաքային» անվանմամբ գարեջուր կրկին հայտնվեց, այն սկսել էր արտադրվել Օչակովսկու գործարանի կողմից: Այնուամենայնիվ, այդ նոր տեսակը ոչ մի ընդհանուր բան չուներ հնի հետ, քանի որ դրա խտությունը կազմում էր ընդամենը 12 %: Հիմա էլ հեշտությամբ կարելի է գտնել «Մայրաքաղաքայինը» գրեթե բոլոր խանութներում, շատ արտադրողներ ունեն գարեջուր նման անունով: Բայց, իհարկե, իսկական խորհրդային ամենաթունդ «Մայրաքաղաքային» գարեջուրն այդ խմիչքների հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բացի անունից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում