Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ
SocietyԱշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի նորակառուց մանկապարտեզի տանիքին՝ Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում տեղադրվել է 10,53 կՎտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան։
Մանկապարտեզը դեռ չի հանձնվել շահագործման, բայց արևային կայանի տեղադրումը թույլ կտա, որ գործարկման առաջին իսկ օրվանից մանկապարտեզը օգտագործի կայուն էներգիա՝ միաժամանակ լիովին ապահովելով իր հոսանքի ծախսը։ Սա հրաշալի հնարավորություն է մանկապարտեզի համար ի սկզբանե պլանավորել տնտեսված գումարների ներդրումը զարգացման այլ ծրագրերի համար։
«Մենք Ucom-ում մեծ կարևորություն ենք տալիս տեխնոլոգիական զարգացմանն ու կանաչ տեխնոլոգիաներին, և ուրախ ենք, որ կարող ենք դրանք ծառայեցնել մեր համայնքների օգտին։ Շատ ուրախալի է նաև, երբ կայանները տեղադրվում են մանկապարտեզների տանիքներին, և մեր երիտասարդ սերունդները մանկուց կսովորեն կայուն ու էկոլոգիապես մաքուր լուծումներին» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այսօր, երբ ողջ աշխարհը առերեսում է կլիմայական փոփոխությանն ու բնապահպանական աղետներին, չափազանց կարևոր է իրականացվող բոլոր աշխատանքներում մտապահել այս վտանգներն ու նախատեսել վերջիններիս հարմարվողականությանն ուղղված քայլեր։ Կայուն էներգիայի անցումը այդ քայլերից մեկն է, որ հնարավորություն կտա թե՛ խնայել ֆինանսական միջոցներ, թե՛ օգտվել վերականգնվող էներգիայից՝ չվնասելով շրջակա միջավայրը», - ասել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 160 սանի համար։ 2025 թվականի հունվարից այն իր դռները կբացի ավելի քան 60 սաների համար ոչ միայն Արտաշավան բնակավայրից, այլև հարևան Սաղմոսավանից, Ուշիից, Օհանավանից՝ հետագայում ընդլայնվելու պլանով։
Քանի որ տեղադրված կայանի կողմից արտադրված էներգիան կլինի շատ ավելին, քան մանկապարտեզին անհրաժեշտ է, ավելցուկը կվերաուղղորդվի Արտաշավան բնակավայրի արտաքին լուսավորության ողջ ծախսի փոխհատուցմանը։ Արտաշավանում բնակվում է ավելի քան 700 մարդ․ արտաքին լուսավորությունը երեկոյան և գիշերային ժամերին վերջիններիս ապահովության կարևոր գրավականն է։