Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան
BlogԱյն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։
Իրանը նույնպես կկորցնի ամեն ինչ։ Նման քաղաքականությամբ Թեհրանը Սիրիայում որևէ բան ունենալու հավակնություն չէր էլ կարող ունենալ։ Միայն սպառնալիքներ և ուրիշ ոչինչ։ Հիմա էլ հայտարարում են, թե կարող են երկու բանակ ուղարկել Սիրիա, բայց վախենում են, որ արդեն ուշ է։ Փոխարենը Իրանի իշխանություններն զբաղեցնում են իրենց հասարակությանը տիեզերք ինչ-որ արբանյակներ ուղարկելով։ Դե իսկ վաղը-մյուս օրն էլ Մոսկվան ու Թեհրանը երկար կվիճեն, թե ում բաղթողման հետևանքով էր, որ ահաբեկիչները կարողացան կործանել Սիրիան։
Համաձայնեք՝ ամեն ինչ շատ ծանոթ է մեզ։ Պարզապես այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց։
Դե իսկ CNN-ները մեծ հաճույքով հարցազրույցներ են անում ահաբեկիչների հետ։ Արդյունքում պարզվելու է, որ բոլորն ամեն ինչ արել են, որպեսզի նոր կոտորածներ չլինեն, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։
Աղոթում եմ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ու եղբայրական ժողովրդի ճակատագրի համար»,- գրել է նա: