Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով, օրերս անախորժ միջադեպ է տեղի ունեցել պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հետ: Առողջական խնդիրներից ելնելով՝ բուժզննում անցնելու նպատակով նա նոյեմբերի 25ին գնացել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, սակայն նրան արգելել են մուտք գործել անգամ դրա տարածք: Պատճառաբանել են՝ հրաման ունեն թույլ չտալու նրա մուտքը հոսպիտալ: Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք տիկին Գևորգյանի հետ:
Նա հաստատեց մեր այս տեղեկությունները՝ մանրամասնելով. «Հոկտեմբերի 4ին վիրահատվել եմ պետպատվերի շրջանակում այլ բժշկական հաստատությունում: Այդ օրը գնացի հոսպիտալ բուժզննման, փորձեցի մեքենայով մուտք գործել հոսպիտալի տարածք, թույլ չտվեցին, հետո, երբ ցանկացա մեքենաս կայանել և ոտքով ներս մտնել, անցագրայինում տեղեկացրեցին, որ պաշտպանության նախարարի ցուցումով Երևան քաղաքի ռազմական ոստիկանության պետն ինձ արգելել է մուտք գործել Կենտրոնական հոսպիտալ»: Այս գործողությունները պահեստազորի փոխգնդապետը կապում է իր քաղաքական հայացքների հետ: Բանն այն է, որ նա «Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի անդամ է: «Ընդդիմադիր են համարում մեր առաջնորդին՝ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանին: Ես էլ իմ հերթին հարցազրույցներ եմ տալիս, ակտիվություն ցուցաբերում, և դա իրենց դուր չի գալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգյանը:
Նրա խոսքով, փորձում են հոգեբանորեն ճնշել իրեն: «Սուրեն Պապիկյանի ցուցումով ստիպեցին ինձ զեկուցագիր գրել և արձակվել պահեստազոր, քանի որ համարվում եմ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կադրը: Ծառայության եմ զորակոչվել Վազգեն Սարգսյանի հրամանով, արձակվել պահեստազոր՝ ուսուցչի հրամանով: Կարապետյանին պաշտոնից ազատելուց հետո նաև ինձ ուղարկեցին պահեստազոր: Փորձեցին տարբեր կերպ ազդել ինձ վրա, բայց չստացվեց, հարմարվող ու լռող մարդ չեմ: Ունեմ ձայնալարի նյարդի կաթված, յուրաքանչյուր վիրուս կամ սթրես ազդում է ձայնալարիս վրա: Նոյեմբերի 25ից մինչ օրս ձայնս չի վերականգնվում»:
Տիկին Գևորգյանը դիմել է Ռազմական ոստիկանություն, գործը քննվում է ներքին քննությունների վարչությունում: «Ծառայողական քննություն է նշանակվել՝ կապված իմ մուտքը հոսպիտալ արգելելու դեպքի հետ: Նրանք խախտել են սահմանադրական օրենքը, ոտնահարել իմ իրավունքները: Այս գործը պետք է հասնի քննչական՝ վարույթ նախաձեռնելու նպատակով, այնուհետև կդիմենք դատարան: Սա չեմ անում միայն ինձ համար, այլ բոլոր զինծառայողների, որոնց մուտքն արգելում են հոսպիտալ: Փաստորեն, անձնավորված մոտեցում են ցուցաբերում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում