«Թրամփը պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք, մեզ համար դա շատ վատ է». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Ակնհայտ է, որ Սիրիան այլևս առաջվանը չի լինելու: Եթե անգամ աշխարհագրական քարտեզի վրա այն շարունակի գոյություն ունենալ, որպես պետություն՝ այն չի ներկայանալու արդեն աշխարհին ծանոթ քաղաքականությամբ: Ի՞նչ հետևանքների կհանգեցնի Սիրիայում Ասադի իշխանության տապալումն ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ասում է՝ սա ուժերի ահռելի փոփոխություն է:
«70 ական թվականներից Սիրիան ուներ կառավարություն, դա Ասադների դինաստիան էր: Հիմա դա փոխվեց: Սա ահռելի հաղթանակ էր Թուրքիայի և Իսրայելի համար: Տեսնում ենք, որ նրանք գործում են միասին: Իսրայելն արդեն հարձակվել է Սիրիայի տարածքի, Գոլանի բարձունքների վրա, ռմբակոծում է Սիրիան: Նրանք դաշնակիցներ են: Այդ նույն դաշինքը՝ Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան, գործեց հայերի, Ղարաբաղի դեմ: Այդ դաշինքը մեզ տարավ պարտության այնտեղ, հիմա նույն բանն անում են Սիրիայում: Շատ վտանգավոր հետևանքներ կարող են լինել Սիրիայի համար՝ քաղաքացիական պատերազմ, այդ զինված խմբերի միջև կարող են կռիվներ սկսվել: Հետաքրքիր է, որ նախկին ահաբեկիչները՝ «ԱլՔաիդայի» և «Հայաթ Թահրիր ալՇամի» մասնակիցները, դարձան դեմոկրատական Արևմուտքի դաշնակից, այսինքն՝ դարձան դեմոկրատական ահաբեկիչներ: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար: Զարմանալի է, թե մեր ռուս ընկերներն ինչպես են իրենց որոշումները կայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ», - «Փաստի» հետ զրույցում ասում է Խաչիկյանը:
Սիրիայում տեղի ունեցածից հետո շատ է խոսվում աշխարհում Թուրքիայի դերի մեծացման և Ռուսաստանի ու Իրանի դերի ու հեղինակության նվազման մասին: Նույն համատեքստում մեր զրուցակիցը նշում է՝ պետք է անհանգստանանք այն մասին, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի և Հայաստանի վրա: «Թուրքիայի որոշ ներկայացուցիչներ ասում են, որ հաջորդը Հայաստանն է, հաջորդը «Զանգեզուրի միջանցքն» է... Մենք դրա մասին պետք է մտածենք, ոչ թե Նոր տարվա բդի մասին»,հավելում է նա: Փորձագիտական հանրույթը ոչ մեկ անգամ է խոսել այն մասին, որ, նախքան Թրամփի երդմնակալության արարողությունը, երկամսյա «հնարավորությունների պատուհան» է ընձեռվելու շատերին՝ իրենց հարցերը լուծելու տարբեր թեժ կետերում, ինչի ականատեսն ենք, կարծես թե, լինում վերջին օրերին: Մյուս կողմից՝ ասվում է, որ հունվարի 20ից հետո էական փոփոխություններ կլինեն աշխարհում, երբ Թրամփն արդեն իսկ պաշտոնապես դառնա ԱՄՆ նախագահ:
«Նման բան չի լինի դրական առումով: Ավելի վատ կլինի, քանի որ Թրամփը բացարձակ պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք: Դա լինելու է մեզ համար էլ ավելի վատ: Թրամփն ամեն ձևով կփորձի Իրանի դեմ պատերազմ սկսել, իսկ Թուրքիան իր գինը կվերցնի: Այդ գինը լինելու ենք մենք: Հայաստանում «Զանգեզուրի միջանցքը» կպահանջեն, Հայաստանի մեծ մասը կպահանջեն, գուցե նաև ամբողջ Հայաստանը պահանջեն՝ Իսրայելին Իրանի դեմ իրենց օգնության դիմաց: Որևէ լավ բան չի լինի, պրոհայկական միտումներ չկան, սուտ խոսող, «բեսեդկայի» փորձագետներին մի լսեք, նրանք բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ են ասում: Վաշինգտոնի հետ իմ կոնտակտներն ասում են՝ Թրամփը բացարձակ որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում», - ընդգծում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:
Հայաստանի իշխանությունները բացարձակ անհոգություն են դրսևորում մի իրավիճակում, երբ մեր երկրի շուրջ և աշխարհում նման գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում: Ի՞նչ պետք է անել այս վտանգներով լի ժամանակաշրջանում նվազագույն վնասներ կրելու համար: «Նախ՝ պետք է խելագարներին դուրս հանենք մեր կառավարությունից կամ խնդրենք, որ նրանք գնան, զբաղվեն ֆոտոսեսիաներով, ձվածեղ սարքելով և հեծանիվ քշելով: Թող էլի զբաղվեն, բայց մեզ հնարավորություն տան իրական փորձագետների խումբ հավաքել, որը մեր խելագար ղեկավարության տեղը որոշումներ կկայացնի: Պետք է դաշնակիցներ գտնենք, զինվենք: Կարող է պատահել, որ հաջորդը լինենք մենք», - եզրափակում է Արթուր Խաչիկյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում