Թրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. Bild
International newsԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, որն օրերս այցելել էր Դանիային պատկանող Գրենլանդիա կղզի ու հանդիպել տեղի բնակիչների հետ, «կաշառել» է անօթևան և կարիքավոր գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը, գրում է Bild-ը:
Թերթի տեղեկություններով՝ տեսանյութի հերոսներին հրավիրել են ռեստորան, որտեղ նրանց անվճար սնունդ են տվել: Ի պատասխան՝ այդ մարդիկ տեսախցիկի առջև հայտարարել են, որ աջակցում են ԱՄՆ նորընտիր նախագահի՝ Գրենլանդիան գնելու մտադրությանը: Ըստ Bild-ի՝ Թրամփի որդին այս միջոցառման վրա ծախսել է 1,340 եվրո:
«Թրամփ կրտսերը հավաքել է նրանց, ում կարողացել է գտնել՝ անօթևաններին և աղքատներին, որոնք սուպերմարկետի մոտ վաճառում են ամեն տեսակ մանր իրեր», - լրագրողներին ասել է հանդիպման մասնակիցներից մեկը՝ Ռասմուս անունով:
Այս մարդկանց բաժանել են Թրամփի նախընտրական արշավի խորհրդանիշներով գլխարկներ՝ MAGA գրությամբ և հրավիրվել ռեստորան, իսկ ամբողջ միջոցառումը ԱՄՆ նախկին նախագահի որդուն արժեցել է 10,000 դանիական կրոնից պակաս (մոտ 1,340 եվրո):
Ըստ ռեստորանի աշխատակցի՝ կազմակերպիչները «պատուհաններից ճչում էին, որ այնտեղ անվճար սնունդ կա», ինչը, ըստ զրուցակցի, «նվաստացուցիչ էր»։
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահն ասել էր, որ Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց:
«Գրենլանդիան անհավանական վայր է, դրա բնակիչները մեծապես կշահեն, եթե և երբ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպաշտպանենք այն չար արտաքին աշխարհից»,- գրել էր նա Truth Social ցանցի իր էջում:
Անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ: Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։
2019-ին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ նա հետաքրքրված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ:
Գրենլանդիան ներառված է Դանիայի կազմում և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Դանիայի թագավորության իշխանությունները հրաժարվել են քննարկել Գրենլանդիայի վաճառքը՝ այդ գաղափարն անվանելով անհեթեթ։
Անցյալ տարեվերջից Թրամփի կողմից շարունակվող հավակնոտ հայտարարությունների ֆոնին՝ Դանիան, որի կազմում ներառված է Գրենլանդիան, փոխել է թագավորական զինանշանը՝ դրա վրա ընդգծելով Գրենլանդիայի խորհրդանիշը (սպիտակ արջը):