Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան
CultureՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին:
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:
Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն իրենց լիազորությունների շրջանակում կօժանդակեն Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրմանը` նվիրված արվեստագետի ծննդյան 100-ամյակին, որը լրանում է այս տարի: Նախատեսվում է նաև նրա կյանքին և գործունեությանը վերաբերող ժամանակավոր ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպում: Երևանի քաղաքապետն ու ԿԳՄՍ նախարարը շրջել են հուշարձանի տարածքում, ծանոթացել պայմաններին և քննարկել նախատեսվող աշխատանքները:
«Հուշագրի կետերից ամենաառանցքայինն այս շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանի հիմնումն է: Այս տարի նշվում է նրա 100-ամյակը, և սա լավագույն նվերը կլինի՝ մեծարելու նրա ստեղծագործական վաստակը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է համագործակցությունը և նշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
«Թանգարանը դառնալու է Երևանի կարևոր մշակութային վայրերից մեկը թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»,- վստահություն է հայտնել քաղաքապետը: