Երբեք զենք չենք մատակարարել Ուկրաինային․ Չինաստանի ԱԳՆ
International news
Չինաստանը երբեք զենք չի մատակարարել Ուկրաինային պատերազմի համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը միշտ ակտիվորեն նպաստել է խաղաղությանն ու երկխոսությանը ուկրաինական հարցի շուրջ, երբեք մահաբեր զենք չի տրամադրել հակամարտության կողմերից ոչ մեկին և խստորեն վերահսկել է երկակի նշանակության ապրանքները»,- ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանի իշխանությունները կտրականապես դեմ են ուկրաինական հակամարտության սրման պատասխանատվությունը ՉԺՀ-ի վրա դնելու G7 երկրների փորձերին: Նա ասել է, որ հայտարարությունը «անտեսում է փաստերը և արատավորում Չինաստանին»:
Անցյալ շաբաթ G7-ի արտգործնախարարները համատեղ դատապարտեցին Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին տրամադրվող ենթադրյալ ռազմական աջակցությունը, ինչպես նաև Չինաստանի կողմից «զենքի և երկակի օգտագործման բաղադրիչների» տրամադրումը։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Չինաստանը առանցքային օգնություն է ցուցաբերում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման, ինչպես նաև «Ռուսաստանի զինված ուժերի վերականգնման» հարցում։