Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում սերը և կիրքը խորհրդանշվում է կարմիր գույնով: Orer.am-ը ներկայացնում է սիրո իրական գույնի հետաքրքիր մանրամասները:
Միջնադարում սերը, ինչպես նաև մարդու այլ բնական ցանկություններ, ասոցացվել են կանաչ գույնի հետ: Հայտնի է, որ կանաչը Եդեմի այգու օձի գույնն էր, որը հրապուրել էր Ադամին և Եվային` առաջարկելով ուտել արգելված պտուղը:
Միջնադարյան պոետները նույնպես իրենց սիրային քնարերգության մեջ անդրադարձել են կանաչ գույնին` որպես սիրո խորհրդանիշ: Այդ ժամանակաշրջանում չամուսնացած աղջիկները ևս կրել են կանաչ գույնի հագուստներ: Պարսկական և սուդանական պոեզիայում սևամորթ կանանց հաճախ անվանել են «կանաչ», որը ցույց էր տալիս նրանց սեքսուալ լինելը: Իսկ Հին Չինաստանում, այն կանանց, ովքեր իրենց սերը վաճառում էին, անվանում էին «կանաչ լապտերների ընտանիքի կին»:
Ըստ ավանդույթի` սերը կարմիր գույնի հետ սկսել են ասոցացնել հանրահայտ ֆրանսիական պոեմի հայտնվելուց հետո, որը գրվել է 13-րդ դարում և անվանվել «Վեպ վարդի մասին»: Այս վեպում հերոսը որոնում է կարմիր վարդին, որը խորհրդանշում է նրա սիրելիին:
Ավելի ուշ՝ 19-րդ դարում, ֆրասիացի և անգլիացի գրողները ստեղծեցին ծաղիկների լեզուն, ըստ որի` կարմիր վարդը խորհրդանշում էր սերը: Հետագայում սիրո հետ ասոցացվեց ոչ միայն կարմիր վարդը, այլ նաև հենց կարմիր գույնը: