ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը կարծիք է հայտնել, որ այսօր տնտեսական առումով մեզ մոտ վատթարագույն իրավիճակ է,- տեղեկացնում է Orer.am լրատվական կայքը: Ըստ նրա՝ եթե նախկինում մենք ունենում էինք որոշակի տնտեսական աճ, ապա ներկայումս գրանցում ենք տնտեսական անկում:
Տնտեսագետը նշում է, որ յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման ցուցանիշը` համախառն ներքին արդյունքի տեմպերն են, ինչը շատ տխուր վիճակում է Հայաստանում: Թադևոսյանը դա համարում է հիմնավորած և օբյեկտիվ, քանի որ տնտեսական աշխուժության ապահովման պատասխանատուն՝ աշխատուժը, լքում է մեր երկիրը, ինչի հետևանքով էլ մենք չենք ունենում արտադրողական ուժի այն տարրը, որը պետք է այդ պատասխանատվությունը կրեր արժանապատվորեն:
«Ցավոք սրտի, պատկերն այսպիսին է, որ մեր իշխանությունները ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար, և այն ֆինանսական հարվածները, որը մենք ստանում ենք արտաքին աշխարհից, ապացուցում են, որ մեր տնտեսությունը չունի պոտենցիալ, որպեսզի կարողանա ներքին իրավիճակը ինչ-որ չափով կայունացնել, ընդհակառակը` ավելի շատ ընկնում է էյֆորիայի մեջ, հատկապես՝ արտաքին ազդակների պատճառով»,-նշել է Զոյա Թադևոսյանը:
ՀԱԿ ներկայացուցչի պնդմամբ՝ իր կարծիքն օբյեկտիվ է անկախ քաղաքական պատկանելիությունից: Տիկին Թադևոսյանը պատրաստ է բանավիճել ցանկացած մարդու հետ, ով կասի, թե այսօրվա տնտեսական ձախողումների պատճառն իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը չէ: Զոյա Թադևոսյանը հոռետես է և կարծում է, որ այս իրավիճակը երկար է շարունակվելու, քանի դեռ իշխանությունները չեն արժևորել մարդուն և նրա դերն ու պատասխանատվությունը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համաձայն չէ Զոյա Թադևոսյանի այն մտքին, թե այս իրավիճակը երկար կշարունակվի: Ըստ նրա՝ համաժողովրդական շարժման լայն տարածումը Հայաստանի ներսում և երկրից դուրս ցույց է տալիս, որ հայ մարդկանց զգալի մասը համարում է, որ այսպես այլևս չի կարելի, հարկավոր են համակարգային փոփոխություններ:
Անհամաձայնությունը երկու տնտեսագետների միջև այսօր, թերևս, միայն սա էր: Բոստանջյանը նույնպես գտնում է, որ մեր տնտեսության գլխավոր խնդիրը սխալ կառավարումն է: Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ արտաքին զարգացումներն ունեն իրենց դերը, սակայն առաջին հերթին պետք է հարց տանք, թե ո՞վ ենք մենք և ինչպե՞ս ենք կառավարում:
Լևոն Փանոսյան