Եթե ինչ-որ մեկին հարցնեք նշել Լեոնարդո Դա Վինչի նկարներից մեկը, ապա նա անշուշտ կնշի «Մոնա Լիզայի» նկարը: Իսկապես, այս նկարը հանդիսանում է հետաքրքիր փաստերի անսպառ աղբյուր: Orer.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր Մոնա Լիզայի առեղծվածների մասին:
Իրականում նկարի անունը ոչ թե «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» է, այլ՝ «Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը»: Մոնան իտալական «ma donna»-ի հապավումն է, որը թարգմանաբար նշանակում է «իմ տիկին»:
Ենթադրվում է, որ նկարում պատկերված է Լիզա Գերարդին՝ ֆլորենսիացի մետաքս վաճառող Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը: Իհարկե, գոյություն ունեն նաև ավելի էկզոտիկ տարբերակներ: Ըստ այդ տարբերակներից մեկի` «Մոնա Լիզան» Լեոնարդո Կատերինայի մայրն է, ըստ մյուսի՝ նկարչի ինքնանկարն է, որը ներկայացված է կանացի կերպարանքով, ըստ երրորդի՝ Լեոնարդոյի աշակերտ Սալաին է՝ կանացի հագուստով:
Պարզվում է, որ «Ջոկոնդան» երկու անգամ վերանկարվել է նկարչի կողմից: Կտավն ուսումնասիրող մասնագետները կարծում են, որ նախնական տարբերակում օգտագործված ներկերը եղել են ավելի վառ գույների:
Ի սկզբանե, «Ջոկոնդայի» զգեստի թևը եղել է կարմիր գույնի, սակայն ժամանակի ընթացքում ներկերը գունաթափվել են:
Նկարի նախնական տարբերակում կտավի եզրերում պատկերված են եղել սյուներ: Ավելի ուշ կտավը կտրվել է, հավանաբար, Լեոնարդոյի կողմից:
«Մոնա Լիզան» առավել հաճախ կրկնօրինակվող նկարներից է համարվում:
Լուվրում գտվելու ամբողջ ընթացքում կտավը երբեք լրջորեն չի տուժել վանդալների ձեռքից, չնայած որ այն փորձել են վնասել թթվի, քարի, կավե բաժակի և ներկերի օգնությամբ:
1911 թվականի օգոստոսի 22-ին Լուվրից անհետանում է Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ Ջոկոնդան: Գողության մեջ կասկածվում է բանաստեղծ Ապոլիները, ում հանցակիցն իբրև Պիկասոն էր: Ջոկոնդայի անհետացման լուրը տարածվեց հենց օգոստոսի 22–ին, երբ նկարիչ Լուի Բերուն, ով ցանկանում էր նրա կրկնօրինակն անել, նկատեց, որ կտավն իր տեղում չէր: Միակ հանցանշանը նոր տեղադրված պաշտպանիչ ապակու վրայի մատնահետքն էր: Կանչեցին Ալֆոնս Բերտիլիոնին, որպեսզի վերջինս մատնահետքը համեմատեր թանգարանի 257 աշխատակիցների մատնահետքերի հետ: Ոչ մի զուգադիպություն: Ոչ ոքի մտքով չէր անցնում կասկածել ապակին տեղադրած վարպետին: Լուվրի տնօրենը աշխատանքից հեռացավ: Թերթերում հազարավոր վարկածներ գրվեցին: Դրանցից մեկի համաձայն կատարվածի ետևում կանգնած էր Գերմանիայի կայսրը: Առևանգումից հետո Ջոկոնդայի հռչակն ավելի է տարածվում:
Երկու տարի անց նրան գտնում են Ֆլորենցիայում, այնքան անսպասելի, որքան անհետացել էր: Մի իտալացի, որն արվեստի գործերի վաճառքով էր զբաղվում, նամակ է ստանում ոմն Վինչենցո Լեոնարդից, որն առաջարկում էր վաճառել «Ջոկոնդան»: Գնորդն իհարկե չի հավատում նրան, բայց, այնուամենայնիվ, այդ մասին տեղեկացնում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահի տնօրենին ու նրա հետ գնում «Տրիպոլի» հյուրանոց, որտեղ նշանակված էր հանդիպումը: Լեոնարդը ցույց է տալիս կտավը ու գնորդներն ապշում են` տեսնելով դա Վինչիի բնօրինակը:
Այժմ կտավը գտնվում է հատուկ պաշտպանության համակարգի ներսում, որն իր մեջ ներառում է զրահադիմացկուն ապակի, բարդ ազդանշանային համակարգ և միկրոկլիմա ստեղծելու համար նախատեսված համալիր: Այս համակարգի արժեքը կազմում է 7 միլիոն դոլլար: «Մոնա Լիզան» ապահովագրված է 3մլրդ դոլլարով:
1919 թվականին նկարիչ Մարսել Դյուշանը նկարել է «L.H.O.O.Q.» նկարը, որը հանդիսանում է «Մոնա Լիզայի» պատճենը, բայց նկարված է բեղերով և մորուքով: