Գյումրու ռազմաբազան դարձել է չափազանց կարևոր. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է.
novorosinform.org–ը գրում է, որ տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասում իրավիճակը նմանվել է մոխրով ծածկված կրակի, որը պատրաստ է ցանկացած պահի բռնկվել։ Եվ Ռուսաստանի առաջապահ դիրքը՝ Շիրակի ռազմաբազան է եղել հարաբերական հանգստության երաշխավորը։ Փաշինյանը, չնայած չափազանց ոգևորվել է արևմտամետ քաղաքականությամբ, բայց այժմ պատրաստ է խոնարհվել Մոսկվայի առջև, նա ռուսական զինվորական անձնակազմի կարիքն ունի ավելի, քան երբևէ։ Կովկասում ռազմական ներկայության կարևորությանը և թուրք-ադրբեջանական ձգտումներն է novorosinform.org–ը քննարկել սյունակագիր Ալեքսանդր Տագիրովի հետ։
– Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Հայաստանը վստահորեն շարժվել է դեպի Արևմուտք և նույնիսկ մտածել է Գյումրու մեր ռազմաբազան փակելու մասին։ Հիմա նա այլևս չի մտածում այդ մասին և Ռուսաստանն անվանում է եղբայրական երկիր։ Ի՞նչը ստիպեց նրան փոխել կարծիքը։
–Պատճառը «Զանգեզուրի միջանցքն» է, ավելի ճշգրիտ՝ Բաքվի՝ դրա նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելու փորձը։ Բաքուն, ճնշում գործադրելով Փաշինյանի վրա, աչք է դրել Սյունիքի մարզի վրա, և Փաշինյանն էլ աջակցություն է փնտրում այնտեղ, որտեղ հայերը միշտ էլ փնտրել են՝ Ռուսաստանում:
–Արդյո՞ք մենք կրկին անվճար օգնելու ենք «եղբայրական» երկրին՝ փոխարենը դավաճանության վտանգի ենթարկվելով:
–Ոչ, Ռուսաստանն ավելի պրագմատիկ է դարձել իր օգնության հարցում: Տարածքային հարցը կարող է լուծվել մի քանի եղանակով: Առաջինը դիվանագիտական է. Մոսկվան ստանձնում է Բաքվի և Երևանի միջև արբիտրի դերը և հանդես է գալիս որպես խոստումների կատարման երաշխավոր: Այսպիսով, Ադրբեջանը մուտք է ստանում եվրասիական շուկաներ, իսկ Հայաստանը պահպանում է իր տարածքային ամբողջականությունը: Երկրորդ ուղին տնտեսական է: Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը Սյունիքի մարզում մի շարք նախագծեր են սկսում, տարածաշրջանը փաստացի դառնում է տնտեսական հետաքրքրության գոտի, և այն ռազմական ճանապարհով վերցնելը ռիսկային է դառնում։
– Իսկ եթե հարցը չհասնի՞ դրան։ Նրանք խոստացել են «Զանգեզուրի միջանցքը» փաստացի հանձնել ԱՄՆ–ին, որը կհետապնդի իր սեփական շահերը։
– Կա նաև ոչ ակնհայտ լուծում՝ ընդլայնել Շիրակի մեր ռազմաբազան։ Բայց ոչ ոք չի վտանգի մեր զինվորների կյանքը պարզապես Փաշինյանի ռեժիմը փրկելու համար։ Մոսկվան կարող է պահանջել, որ Երևանը հրապարակայնորեն ճանաչի Ռուսաստանին որպես իր անվտանգության երաշխավոր և հեռանա գլոբալիստների նախագծից։
– Բայց դա կխաթարի Փաշինյանի դիրքերը, որն իշխանության է եկել Մայդանի օրինակով ստեղծված «թավշյա հեղափոխության» ալիքով:
– Սակայն դա կպահպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ավելին, դա կապահովի, որ Հայաստանը չքայքայվի և դառնա հուսալի գործընկեր, այլ ոչ թե մշտական մուրացկան։ Հետևաբար, Գյումրու ռազմաբազան դարձել է չափազանց կարևոր։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում