Ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հանդիպելու էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նաիրիտցիների 6 հոգանոց խումբը կրկին բարձրացավ Հովիկ Աբրահամյանի մոտ և քիչ առաջ ավարտվեց նրանց հանդիպումը: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: Վերջինս հայտնեց, որ այս պահին կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիները բորբոքված են, քանի որ հանդիպումից որևէ նոր բան չլսեցին:
«Որևէ նորություն չկա իրենք մնացին իրենց նույն դիրքորոշմանը: ՀՀ վարչապետն ասել է, որ մեկ ամսվա աշխատավարձը հիմա կվճարեն, ևս մեկ ամիս էլ՝ հունվարին, իսկ փետրվարի 6-ից բոլորը կազատվեն աշխատանքից և ընդամենը 500 հոգի նորից կընդունվի աշխատանքի, իսկ թե ոնց պետք է ապրեն 1600 մարդը, դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ամբողջ աշխատավարձերի պարտքերը գրվեցին սառույցին»,-ասաց Անուշ Հարությունյանը և հավելեց, որ վարչապետն ասել է, որ այս պահին քննարկումներ են տեղի ունենում Համաշխարհային բանկի հետ, և նրանք իրենց եզրակացությունը կտան փետրվար ամսին:
«Վարչապետն ասել է նաև, որ բանակցություններ են վարում նաև միջպետական բանկի հետ և գույքը ետ վերցնելու պարագայում նոր կկարողանան ասել՝ աշխատավարձերի պարտքերը կվճարվեն, թե ոչ: Ստացվում է, որ աշխատավարձերի պարտքերը կտան, թե ոչ, դա անհայտ է, որևէ խոստում, որ մարդկանց 2 տարվա պարտքերը կվճարվեն՝ չկա»,-ասաց Անուշ Հարությունյանը:
Հարցին, թե որն է լինելու նաիրիտցիների հաջորդ քայլը, գործարանի մամուլի խոսնակը հայտնեց, որ աշխատակիցները պատրաստվում են երկուշաբթի` ժամը 11:00-ին, հավաքվել գործարանի մոտ՝ քննարկում կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար։