«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան
Blog Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին ժամանակահատվածում Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան գործողություններ՝ հիմնականում մարդկությանը ստրկացնել և կործանել փորձող ԱՄՆ նախագահ, ազգային պատկանելիություն չունեցող, անհայրենիք Դոնալդ Թրամփի անմիջական նախաձեռնությամբ. այն Թրամփի, ում նախագահության ժամանակ՝ 2020 թվականին, տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ, ով աչք փակեց Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախը կործանելու և արցախահայության կյանքը դժոխքի վերածելու վրա, այն Թրամփի, ով ուղղակի ատում է անկախ և ինքնիշխան պետությունները, ում հարկավոր են ոչ թե դաշնակիցներ, այլ իր համար անձնական բիզնես գործարքներ, այն Թրամփի, ով արդարության և խաղաղության կեղծ պաշտպանի անվան տակ, իսկ իրականում, լինելով անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր, 24-ժամյա ռեժիմով և անընդհատ Երկիր մոլորակում կազմակերպում է նոր պատերազմներ, արյունալի նոր հեղափոխություններ ու նոր իշխանափոխություններ՝ իր արյունոտ բիզնես ցուցակի մեջ գտնվող անկախ և ինքնիշխան պետություններին ու նրանց ժողովուրդներին գայթակղելով, ենթարկեցնելով, այնուհետև՝ ոչնչացնելով (թարմ օրինակը՝ Վենեսուելան և նրա նախագահ Մադուրոն):
Վերջին 35 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, հարևան Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Հիմա, երբ Հայաստանն ապրում է իր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, Իրանը դարձյալ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում: Սակայն, բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր բարեկամությունը:
Հաշվի առնելով, որ անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 28-ից սկսած, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ հանձնարարությամբ բարեկամ Իրանում տեղի են ունենում ամերիկաիսրայելական վարձկանների, հպատակների ղեկավարմամբ անհնազանդության հերթական միտինգներ՝ Իրանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով (Երկիր մոլորակի թիվ մեկ քաղաքական շոումեն, առևտրական Դոնալդ Թրա՛մփ, ծոծրակդ կտեսնես, բայց Իրանում իշխանափոխություն չես տեսնի), «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական քաջերի մարտական ջոկատի անունից դատապարտո՛ւմ ենք Դոնալդ Թրամփին և նրա դիկտատորական կործանիչ ծրագիրը՝ անկախ և ինքնիշխան Իրանի Իսլամական Հանրապետությունում հեղափոխություն և իշխանափոխություն կազմակերպելու համար և հայտնում մեր անվերապահ աջակցությունը Հայաստանի և Հայ ժողովրդի իսկական բարեկամ, ռազմաքաղաքական և տնտեսական բնական դաշնակից Իրանի իշխանություններին և Իրանի ժողովրդին։
Միանշանա՛կ է, որ Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան:
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ