Նոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ
AnalysisԳործող իշխանությունները դադարեցնում են Հայ Առաքելական Եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը։ Հրամանը իր էջում տեղադրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ընդ որում այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները ահազանգեցին, որ գործող իշխանությունները հերթական հակաեկեղեցական քայլն են անում ։
Ըստ պաշտպանության նախարարի հրապարակած փաստաթղթի՝ գնդերեցներն այսուհետ կգործեն ԶՈՒ Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։ Փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկություններով՝ զինված ուժերում գործող 42 հոգևորականներից միայն 8-ն են ծառայելու, մնացածին պարզապես դուրս են մղելու։ Բանակում գնդերեցների ծառայությունը զեղչելու քայլը մի քանի նպատակ է հետապնդում։ Բանն այն է, որ դեռ շաբաթներ առաջ հայտնի է դարձել, որ կորպուսների հրամանատարները պարտադրում են գնդերեցներին միանալ Փաշինյանի կաթողիկոսական արշավին, բայց որևէ մեկը մինչ օրս չի միացել՝ հրաժարվելով կատարել պարտադրանքը։
Մյուս կողմից էլ դեռևս Վազգեն Սարգսյանի օրոք ստեղծված ստորաբաժանումը ահռելի աշխատանք է տարել բանակում տոտալիտար աղանդների դեմ պայքարում՝ զինված ուժերի զինծառայողներին վերադարձել Հայ առաքելական եկեղեցու գիրկը, և ըստ էության, Փաշինյանն այս քայլերով ոչ միայն վնասում է Հայ առաքելական եկեղեցուն, այլ նաև լրջագույն հարված հասցնում աղանդավորների դեմ տարվող պայքարին, այս կերպ, թերևս, ապացուցելով, որ գործող իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում է ոչ այնքան օրենքի և օրինականության հաստատման համար, որքան դրսից թելադրանքով՝ Հայ առաքելական եկեղեցին թուլացնելու, հավատացյալների եկեղեցուց դուրս մղելու և աղանդավոր դարձնելու համար։
2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ գործող իշխանության կազմում բազմաթիվ աղանդավորներ կան, իրենք՝ պաշտոնյաներից շատերն էլ չեն հերքում, որ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու զավակներ, այլ աղանդավորական կազմակերպությունների անդամներ են։ Փաստացի Հայ առաքելական եկեղեցու դեմ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան եկեղեցին թուլացնելու և քանդելու դավադրություն։
Մանե Կիրակոսյան