«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների
Culture«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը միավորվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ զարգացնելու երիտասարդ երաժիշտների ներուժը և նպաստելու բարձրակարգ երաժշտական կրթության հասանելիությանը Հայաստանում։
Այս համագործակցության շրջանակում «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի շրջանակում Հայաստան տեղափոխված միջազգային երաժիշտ-դասախոսների մասնակցությամբ անցկացվում են վարպետության դասերի շարք «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուների համար։ Դասերն ուղղված են պատանի տաղանդների կատարողական հմտությունների զարգացմանը, մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանը և միջազգային փորձի փոխանցմանը։
Արդեն իսկ կայացել է 6 վարպետության դաս՝ ձևավորելով կարևոր կրթական հարթակ երիտասարդ երաժիշտների համար։
Մասնակից դասախոսների թվում են՝
- Իսպանացի կոնտրաբասահար Սերխիո Գոնսալես Կարինիանան, ով ունի շուրջ 8 տարվա մասնագիտական փորձ։ Նա բարձր ակադեմիական արդյունքներ է ցուցաբերել Կատալոնիայի Գերագույն երաժշտական դպրոցում, հանդես եկել Իսպանիայի առաջատար նվագախմբերում՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ։ Ներկայումս բնակվում է Հայաստանում և աշխատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ շարունակելով իր կատարողական և մանկավարժական գործունեությունը։
- Իսպանացի տիմպանահար և հարվածային գործիքների երաժիշտ Գիլյերմո Մասիա Սալոմը կրթություն է ստացել Եվրոպայի հեղինակավոր հաստատություններում՝ Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, MUSIKENE-ում և Մաստրիխտի կոնսերվատորիայում։ Նա համագործակցել է միջազգային ճանաչում ունեցող դիրիժորների հետ և հանդես եկել տարբեր հայտնի նվագախմբերում, այդ թվում՝ Իսպանիայի ազգային նվագախումբ, Հեսենի պետական թատրոն և Աախենի սիմֆոնիկ նվագախումբ։ Ունի շուրջ 8 տարվա մասնագիտական փորձ և ակտիվ համերգային գործունեություն։
- Ֆրանսիացի պրոֆեսիոնալ գալարափողահար Յաշա Իսրայելևիչը, ով նաև դասախոս և սերտիֆիկացված մարզիչ է, ունի ավելի քան տասնամյա մասնագիտական փորձ։ Նա հանդես է եկել մի շարք միջազգային նվագախմբերի հետ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, Գշտաադ փառատոնի նվագախումբ և Լոզանի կամերային նվագախումբ։ Զուգահեռաբար ակտիվորեն զբաղվում է կրթական գործունեությամբ՝ փոխանցելով իր փորձն ու գիտելիքները երիտասարդ երաժիշտներին։
Վարպետության դասերը կարևոր դեր ունեն երկու հիմնադրամների կրթական առաքելության իրականացման գործում՝ նպաստելով երիտասարդ երաժիշտների մասնագիտական աճին և նրանց ինտեգրմանը միջազգային երաժշտական համայնքին։