Ջեմալի թոռը պետք է հրաժարվի իր ժառանգությունից. սփյուռքի ներկայացուցիչ
SocietyՀայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ Փաշայի թոռ, թուրք գրող Հասան Ջեմալի երևանյան այցը, նրա գրքում արված գնահատականները և վերջին տարիներին արտահայտած մտքերը ցեղասպանության մասին, տարաբնույթ մեկնաբանությունների են արժանանում հայ մտավորականության կողմից և հասարակական-քաղաքական շրջանակներում: Լրատվական աղբյուրներն արդեն տեղեկացրել են թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի տեսակետը, ըստ որի՝ Հասան Ջեմալը պալատական թուրք մտավորական է: Մելքոնյանն այն կարծիքին է, որ գրողն ընդդիմադիր քողի տակ փորձում է աշխարհում ձևավորել Թուրքիայի դրական և քաղաքակիրթ իմիջը: Հայող ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հարցերով զբաղվող Հայ-արաբական միջազգային իրավական խորհուրդ կազմակերպության նախագահ, սիրիաբնակ Վահե Մահշիկյանը, Օrer.am-ի hետ զրույցում ասաց, որ այդ քաղաքակիրթ պարոնը ավելի լավ է հրաժարվի իր պապենական ժառանգությունից, եթե ուզում է նպաստ բերել հայ ժողովրդին: «Նա պետք է հրաժարվի իր հանցագործ պապի անունը կրելուց: Բարոյական քայլ կլինի, եթե նա մեզ պատմություն չքարոզի և դասեր չտա: Ջեմալը նվազագույնը պետք է հայտարարեր, որ իր կերած-խմածը, դա պապի կողմից կողոպտած հայերի հարստությունն է»,- նշեց Վահե Մահշիկյանը: Պարոն Մահշիկյանը չի վստահում ներկայիս Թուրքիայի կառավարությանը և կոչ է անում Հայաստանի իշխանություններին չլինել միամիտ և չտրվել թուրքական խաղերին։
Լևոն Փանոսյան