Հանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ
InterviewՆիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում քննարկված հարցերն ու թեմաները նոր հակադրություն ստեղծեցին հայաստանյան ներքաղաքական դաշտում, մասնավորապես եվրոպամետների մոտ այն դժգոհության ալիք բարձրացրեց։ ՌԴ նախագահը ակնարկեց Փաշինյանին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուներից ոմանք ունեն ՌԴ քաղաքացիություն ու այս պահին էլ կայանքի տակ են ու հույս հայտնեց, որ ամեն դեպքում հնարավորություն կստանան մասնակցելու ընտրություններին։
Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը Փաստ-ի հետ զրույցում կարծում է, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը շատ բաց ու անկեղծ էր ու տողատակեր փնտրելու իմաստ չկա.
«Այո, ՌԴ նախագահը խոսեց այն մասին, որ Փաշինյանը չպետք է արգելի որևէ ռուսամետ ուժի մասնակցել ընտրություններին: Պետք չի հուզվել այն փաստից, որ ՌԴ նախագահը փորձում է խառնվել Հայաստանի ներընտրական գործընթացներին: Ավելի շատ պետք էր հուզվել այն փաստից, որ, օրինակ ԵՄ-ն է իրեն թույլ տալիս խառնվել, այն դեպքում, երբ ջատագովում է ժողովրդավարությունը և քաղաքական հավասարությունը: Ոչ թե ՌԴ նախագահը պետք է հույս հայտներ, որ բոլոր ուժերին պետք է հնարավորություն տալ մասնակցելու, այլ ԵՄ-ն»:
Վլադիմիր Պուտինը նաեւ առաջ էր քաշվել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն ու ընդգծել թեև հասկանում են ՀՀ-ի ձգտումները ԵՄ-ի հետ համագործակցության ծավալների ընդլայնման, բայց լինել երկու մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող.
«ՌԴ նախագահն ուղիղ ասաց, որ ԵԱՏՄ-ն և Լարսի ճանապարհը Հայաստանի համար այլընտրանք չունեն և դրան համաձայնեց նաև Փաշինյանը: Փաշինյանը իր հերթին հաստատեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ չկա և ԵՄ-ին անդամագրվելու հեռանկար էլ չկա, բայց այս պահին երկու նժարի վրա խաղը դեռևս ձեռնտու է իրեն և չի վնասում կողմերից որևէ մեկին ոչ Մոսկվային, ոչ էլ Բրյուսելին»-նշեց Սամսոնյանը։
ՀՀ վարած արտաքին քաղաքականությունն արդեն իսկ զգալի վնասներ է հասցրել երկրին և ՌԴ նախագահի խոսքում կարելի էր դրա շարունակական լինելու մասին ակնարկ եւս նկատել։ Այս թեմային անդրադառնալով մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չունի, հատկապես, որ առաջիկա մի քանի տարիներին նույնիսկ անորոշ է Եվրամիության` որպես քաղաքական միության գոյությունն այն իմաստով, որ աշխարհում օրեցօր սրվող ռազմական էսկալացիան և տնտեսական ռեցեսիան քանդելու են բոլոր քաղաքական համակարգերը:
«Հայաստանը արտահանման շուկաների և էներգետիկայի այլընտրանք չի կարող ունենալ: Եվրոպական շուկաները լոգիստիկ և տեխնիկական առումներով մեզ անհասանելի են, իսկ եթե ՌԴ-ն որոշեց մեզ վաճառել գազ այն գնով, ինչ մնացած գործընկերներին, ապա վստահ եղեք, որ Հայաստանի տնտեսությունը կոլապսի է ենթարկվելու: Շատ է խոսվում վերականգնողական և այլընտրանքային էներգիայի մասին, բայց դա պարզապես միֆ է: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվելու էժան գազից և միջուկային էներգետիկայից»,- Փաստ-ի հետ զրույցում եզրափակեց Սամսոնյանը։