Ովքե՞ր են կրում հիջաբ, և արդյո՞ք այն միայն մուսուլմաններին է հատուկ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Հիջաբ կրող կանանց հանդիպելը տարբեր երկրների փողոցներում, այդ թվում՝ Հայաստանում, վաղուց արտառոց մի բան չէ: Այդուամենայնիվ, հատկապես եվրոպական մի շարք երկրներում կա որոշակի վերապահում հագուստի այդ տեսակի նկատմամբ: Եվ, ընդհանրապես, վերաբերմունքը միանշանակ չէ. ոմանք հարգանքով են վերաբերվում, ոմանք խղճում են, ոմանք զարմանում են, թե ինչպես են ամռան շոգին դիմանում այդ հագուստով, ոմանք անտարբեր են, և այլն, և այլն: Իսկ ինչո՞ւ են մուսուլման կանայք այդպիսի հագուստով շրջում:
Հիջաբ համարվում է իսլամում ընդունված ցանկացած հագուստ (գլխից մինչև ոտքեր), որն ամբողջովին ծածկում է կնոջ մարմինը։ Արևմտյան երկրներում հիջաբ անվան տակ ընկալվում է միայն իսլամադավան կնոջ ավանդական գլխաշորը։ Սակայն իրականում հիջաբն անթափանց նյութից հագուստ է, որը թաքցնում է կնոջ ամբողջ մարմինը, միայն ձեռքերն ու դեմքն են մնում տեսանելի, իսկ գործվածքի նյութը պետք է լինի զուսպ երանգներով: Ներկայում այն ակտիվորեն օգտագործվում է մուսուլմանների կողմից, և շատերի կարծիքով՝ դրանում ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ բան կա։
Հիջաբի մասին առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա 13-րդ դարի ասորական օրենսգրքում: Այդտեղից երևում է, որ հիջաբն այն ժամանակ կարող էին կրել միայն ազնվական կանայք։ Զարմանալի է այն, որ Հին Հռոմի և Հունաստանի աղջիկները ևս հիջաբի նմանվող քող էին կրում: Համարվում է, որ Հռոմում հիջաբը կրում էին հրեաների ազդեցության պատճառով, իսկ Հունաստանում՝ ծիսական արարողությունների ժամանակ։ Հին Իրանում աղջիկներից պահանջվում էր պարտադիր հիջաբ կրել: Այդ զգեստը հարգում էին, գնահատում ու դրանով հպարտանում։ Սահմանվել էին խիստ կանոններ՝ հիջաբ կրող ամուսնացած կանանց արգելվել է հանդիպել օտարներին, անգամ հայրերն ու եղբայրներն են համարվել օտար: Հնդկաստանում, ինչպես նաև Իրանում հիջաբ կրելու կանոնները խստորեն պահպանվել են։ Մատա Հարին պնդում է, որ հիջաբի հայտնվելու պատճառը ասկետիզմն է և աշխարհիկ բարիքներից հրաժարվելը: Հին ժամանակներից է Հնդկաստանն այդ հագուստը ներմուծել իր առօրյա կյանք, քանի որ այնտեղ ամենաշատ ասկետներն են եղել:
Ինչ վերաբերում է հրեաներին, ապա րաբիների ուսմունքների հիման վրա կանայք ստիպված էին թաքցնել իրենց գլուխները: Երբ ամուսնացած աղջիկը հայտնվում էր հանրության մեջ առանց հիջաբի, խոսում էր անծանոթների հետ կամ տան պատերի մեջ այնքան բարձր, որ հարևանները կարող էին լսել, ամուսինն ազատ էր ամուսնալուծվելու՝ չվճարելով նրան խոստացված օժիտը։
Հիջաբը մեծ ազդեցություն է ունեցել նաև քրիստոնեության վրա։ Հին Կտակարանում նշվում է, որ եթե կինը գլխաշոր չի կրում, ապա պետք է կտրի իր մազերը։ Եթե նա ամաչում է շրջել կտրած մազերով կամ ամբողջովին սափրած գլխով, ապա պետք է ծածկի գլուխը։ Նույնիսկ Հիսուսի մայրն է կրել նման հագուստ։ Դրա հաստատումը շատ է Ղուրանում և Թորայում, և միայն ուղղափառներն են պատկերում Մարիամին գլխաշորով ու բաց պարանոցով: Հնում արգելվում էր օգտագործել կոսմետիկա կամ կրել զարդեր։ Կինը ստիպված էր ամբողջությամբ թաքնվել հիջաբով, քանի որ չպետք է իր գեղեցկությունը ցույց տար օտարներին, որպեսզի նրանք չենթարկվեն մեղքի՝ կանանց գեղեցկությունը վտանգավոր է:
Այդ հին ժամանակներից ի վեր աշխարհը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։ Չնայած դրան, կրոնն այժմ փորձում է վերականգնել ինքնաճանաչումը և հաղթել աթեիզմին: Որոշ կառավարություններ խրախուսում և նույնիսկ պարտադրում են կանանց կրել հիջաբ, իսկ որոշներն ուղղակի արգելում են։ Հիջաբ կրելը պարտադիր է Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, Իրանում և Եմենում։ Սուդանի քրեական օրենսգիքը թույլատրում է տուգանել բոլոր այն կանանց, ովքեր խախտել են կանանց հագուստ կրելու կանոնները։ Առաջին անգամ հիջաբից ցուցադրական հրաժարումը տեղի է ունեցել 1870-ական թվականներին Եգիպտոսում։ Առաջին մուսուլմանական երկիրը, որը պաշտոնապես արգելք է դրել հիջաբ կրելու վրա, Թուրքիան է։ Դա տեղի է ունեցել 1925 թվականին։ Սակայն 2008 թվականին այդ արգելքը հանվել է, քանի որ, ըստ թուրք պատգամավորների, այն հակասում է քաղաքացիների իրավունքներին և ազատություններին։
Շատ հաճախ հիջաբը շփոթում են նիկաբի հետ։ Նիկաբը հագուստի ձև է, որը բաց է թողնում միայն աչքերը, բայց երբեմն նաև ծածկում է դրանք: Հիջաբը բաց է թողնում դեմքն ու ձեռքերը։ Օրինակ՝ Ֆրանսիայում և Բելգիայում արգելված է նիկաբ կրել, բայց հիջաբ կարելի է։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում