Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է.
1prime.ru–ն «Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան հարցականի տակ է» վերնագրով հոդվածում գրում է, որ էներգետիկ անվտանգության հայ փորձագետ և քաղաքագետ Վահե Դավթյանի խոսքով, Ադրբեջանի կողմից ատոմակայան կառուցելու որոշումից հետո Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան հարցականի տակ է։
Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում, հայտարարել էր, որ երկիրը անցնում է նոր մոդելի, և էներգետիկ անվտանգությունն ապահովելու է ոչ միայն ածխաջրածինների, այլ նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով։ Նա նաև հայտարարել է երկրի էներգետիկ խառնուրդում ատոմային էներգիան ներառելու որոշման մասին։ «Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովի համաձայն, երկրի էներգետիկ հաշվեկշիռը կառուցված է լինելու երեք բաղադրիչների վրա` ածխաջրածիններ, վերականգնվող էներգետիկա, «խաղաղ ատոմ»։ Դրան զուգահեռ Հայաստանում, որը դեռևս տարածաշրջանում «խաղաղ ատոմ» ունեցող միակ երկիրն է, փաստացի հարցականի տակ է դրված այդ ռազմավարական, էքզիստենցիալ նշանակության ոլորտի ապագան», - գրել է Դավթյանը Ֆեյսբուքում։
Նրա խոսքով, Մոսկվան հստակորեն հայտարարում է, որ եթե Երևանը շարունակի իր ներկայիս արտաքին քաղաքական կուրսը, ապա 2031 թվականից հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) արդիականացումը կարող է դադարեցվել։ «Այսինքն` անգամ 2036 թվականի այդքան կանխատեսելի թվացող հեռանկարն այլևս հարցականի տակ է։ Փաստացի հարցականի տակ է հայտնվում նաև թմբկահարվող մոդուլային ռեակտորի նախագիծը, որի իրագործման ամբողջ ցիկլը կպահանջի առնվազն 7-8 տարի», - կարծիք է հայտնել փորձագետը։
Նրա կարծիքով, այս գործընթացները տրամաբանական են և փոխլրացնող։ Նա կարծում է, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանը կարող է հաջորդել էներգետիկ համակարգերի միավորումը Ադրբեջանի հետ, Հայաստանի ազգային ատոմային էներգետիկայի ոլորտի կաթվածահարությունը և Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում