«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով
SportՄադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ պորտուգալացի մասնագետին իսպանական ակումբ վերադարձնելու նպատակով: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մոուրինյուն «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2010-ից 2013 թվականներին՝ օգնելով թիմին նվաճել Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի և Սուպերգավաթակրի տիտղոսները: Ներկայումս 63-ամյա մասնագետը գլխավորում է պորտուգալական «Բենֆիկան»:
Աղբյուրի համաձայն՝ «Բենֆիկայի» ղեկավարությունը ցանկանում է ամեն գնով պահպանել մարզչին ակումբում, սակայն, տեղյակ լինելով «Ռեալի» հետ ընթացող բանակցությունների մասին, հասկանում է, որ իրավիճակի հանգուցալուծումը կախված է մադրիդցիներից:
Նշվում է, որ այս հարցում վերջնական որոշումը կկայացնի անձամբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Հիշեցնենք, որ ներկայումս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Ալվարո Արբելոան: