Ինչպես հերթական պատահականությունը դարձավ մեծ գյուտի առիթ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Դժվար թե այսօր գտնվի մեկը, ով գոնե ծանոթ չէ միկրոալիքային վառարանին: Դրա օգտակարության կամ վնասակարության մասին տարաբնույթ կարծիքներ կան՝ հաճախ իրարամերժ: Այդուամենայնիվ, ժամանակակից աշխարհում շատերի խոհանոցում իր պատվավոր տեղն ունի այդ սարքը: Իսկ երբ ու ինչպես է այն ի հայտ եկել:
Միկրոալիքային վառարանի գյուտի պատմությունը բավականին հետաքրքիր է: Քանի որ այդ սարքը ակնհայտ տեխնիկական առաջընթաց էր և մեծ դեր է խաղացել մարդկանց առօրյան փոխելու գործում, դրա ստեղծման պատմությունը բազմաթիվ տարբեր լեգենդներով է ծածկված:
Վարկածներից մեկի համաձայն, Raytheon ընկերությունում աշխատող ինժեներ Պերսի Սփենսերը, որը մասնագիտացած էր պատերազմական ժամանակաշրջանի սարքավորումների արտադրության մեջ, իր ստեղծած միկրոալիքային ճառագայթիչը փորձարկելու ժամանակ, երբ որոշել է ինչ-որ բան ուտել, տաբատի գրպանում գտել է ոչ թե կոնֆետ, այլ մի զանգված, որը նման էր խմորի։ Ինժեները հասկացել է, որ իր նախագծած սարքի ալիքներն են հալեցրել շոկոլադը: Դրա ճշտությունը ստուգելու համար հաջորդ օրը Սփենսերն իր գործընկերոջ հետ փորձ է կատարել, որի ընթացքում պարզել է, թե ինչպես են միկրոալիքները ազդում ձվերի վրա։ 10 կՎտ ճառագայթման ենթարկելիս դրանք շատ արագ պայթել են: Կատարված բոլոր փորձարկումներից հետո Պերսի Սփենսերը կատարելագործել է իր գյուտը` պատնեշներ տեղադրելով մագնիսական ալիքների դաշտի խտությունը բարձրացնելու համար: Նման կերպ արդեն հնարավոր է դարձել ստանալ զգալի ջերմաստիճան և սնունդ տաքացնել։ Այս պատահական իրադարձությունը ծնել է կենցաղային սարքերի նոր բիզնես:
Բայց դա տարբերակներից միայն մեկն է։ Կարծիք կա, որ այս պատմությունը հորինել են լրագրողները։ Իրականում շատերն են երկար ու քրտնաջան աշխատել միկրոալիքային վառարանի գյուտի վրա: Այդուամենայնիվ, մի հարցում, կարծես, որևէ տարակարծություն չկա, որ գյուտն արտոնագրել է հենց Պերսի Սփենսերը: Մեկ այլ պատմության համաձայն, որն էլի կապված է նույն ընկերության ու նույն անձի հետ, Raytheon ընկերությունը, որի աշխատակիցն էր Փերսի Սփենսերը, արտադրում էր ռազմական տեխնիկա, և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դա նրան լավ եկամուտ էր տալիս։ Բայց ռազմական գործողությունների ավարտից հետո ընկերության կողմից արտադրված արտադրանքի անօգուտ լինելու պատճառով շահույթի հոսքը դադարելու վտանգը զգալիորեն աճել էր։ Եվ Raytheon-ը որոշել է արտադրությունը հարմարեցնել քաղաքացիական կյանքին: «Միկրոալիքային վառարանների» արտադրության գաղափարը մշակել և խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սփենսերը։ Նրա ղեկավարությունը հաստատել է, և սկսվել է այդ սարքերի արտադրությունը:
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ 1945 թվականի հոկտեմբերին Պերսի Սփենսերը կարողացել է մագնիսական ալիքների միջոցով սնունդ պատրաստելու սարքի արտոնագիր գրանցել։ Բայց սարքը պահանջվող բարձր մակարդակի հասցնելու համար պահանջվել է ևս 2 տարվա աշխատանք։ Միայն 1947 թվականին է Raytheon-ը սկսել արտադրել աշխարհում առաջին միկրոալիքային վառարանները:
Սկզբում մարդիկ բավականին զգույշ էին վերաբերվում նոր սարքին, քանի որ այն չափերով մեծ էր և սառչում էր միայն ջրով։ Բայց վառարանների բարելավման հետագա աշխատանքը տվել է իր արդյունքը։ Մարդիկ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ գնել այդ նորույթը, ավելի արագ էին տաքացնում սնունդը, քան նախկինում։ Ի զարմանս գյուտարարների, օգտատերերը հայտնաբերել են միկրոալիքային վառարանների նոր հնարավորություններ, դրանք սկսել են օգտագործել կաշվից իրերի մշակման և խցաններ պատրաստելու համար:
Միկրոալիքային վառարանները ներկայում օգտագործվում են մեծ ծավալներով. այժմ այդ սարքը աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում է։ Այն զգալիորեն պարզեցրել է սննդի պատրաստման և տաքացման գործընթացը և հեշտացրել է միլիոնավոր մարդկանց կյանքը: Արտադրողները իրենց հերթին կատարելագործում են այդ սարքերը՝ անգամ դրանց արտաքինն ու հնարավորությունները հասցնելով աբսուրդի աստիճանի, որպեսզի բավարարեն բնակչության աճող բոլոր կարիքները։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում