Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով
PoliticsՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք գիտենք, որ հիմա ներկայիս ղեկավարությունը, ես կասեի, արհեստականորեն փորձում է երկիրը դնել խաչմերուկում, պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել՝ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի ԵԱՏՄ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանին քաջ հայտնի է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
«Հայաստանն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դե ֆակտո փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով ԵԱՏՄ-ին անդամակցությունն իր օգուտներով գերակշռում է Հայաստանի համար, քանի որ այդպես երկիրն ավելի արագ է զարգանում։
«Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի նժարներին դնենք եվրոպական կողմնորոշումը կամ կողմնորոշումը դեպի ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ն Հայաստանի համար գերակշռում է։ Դա ավելի շահավետ է հայերի համար: Դա ավելի շահավետ է, նրանք ավելի շատ փող են աշխատում ԵԱՏՄ-ում, նրանք ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ, նրանք ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Եվրոպայի հետ նման բան չի լինի»,- նշել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ ամեն դեպքում որոշումներ կայացնողը հայ ժողովուրդն է։
«Եվ նախագահ Պուտինն ասել է՝ մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար։ Ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում»,- եզրափակել է նա։