Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան
TVԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կներեք, անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին, դա անտրամաբանական է, ես բազում աշխատանքային նիստերում այդ խնդիրը բարձրացրել եմ: Այն ապրանքները, որոնք ստանդարտներին համապատասխանում են, միանշանակ շարունակաբար և աներկբա կանգնելու ենք տնտեսավարողների կողքին, աջակցելու ենք նրանց և քաջալերելու ենք, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը։
Այն ապրանքների մասով, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, անկեղծ ասած շատ աջակցելու բան չենք տեսնում, որովհետև 8 տարի գործնականում այդ խնդիրը բարձրացնում ենք բոլորի առաջ, և ամեն անգամ շատ մոտ լինելով կտրուկ և չոր որոշումներ կայացնելու եզրին, ոլորտները գալիս են, հավաքվում են, ասում են մեզ 6 ամիս էլ ժամանակ տվեք, ու այդպես 8 տարի անցնում է, հետևաբար էլ ժամանակ չկա, նրանք, ովքեր կուզենան իրոք այդ ստանդարտներին համապատասխանել, մեր աջակցության ծրագրերը այսօր էլ բաց են:
Մենք շարունակում ենք տեսնել, թե որտեղ ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել, իհարկե, բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Օբյեկտիվ խոչընդոտ ասելով նկատի ունեմ, որ ապրանքն ու արտադրանքը համապատասխանեն ստանդարտին, ու համապատասխանելու պայմաններում ունենան որոշակի խնդիրներ»,- նշել է Փաշինյանը: