«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մանկության տարիներին շատ աշխույժ, ակտիվ երեխա էր Նարեկս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի հայրիկը՝ պարոն Պողոսը։ Նարեկի հորեղբոր կինը՝ տիկին Սոֆյան, հավելում է՝ մանկության տարիներին շատ սիրուն, անուշ բալիկ էր Նարեկը. «Իմ տղայի հետ ամբողջ օրը խաղում էին բակում, համով չարաճճիություններ էին անում, Հրայրս ու Նարեկս միասին են մեծացել նույն բակում, անընդհատ իրար հետ էին»։
Նարեկը ծնվել է Երևանում, նրա մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունն անցել են մայրաքաղաքում։ Հաճախել է Աշոտ Մանուկյանի անվան դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկը նշում է՝ նորմալ առաջադիմություն է ունեցել։ Զուգահեռ նաև սպորտի է հաճախել՝ թեքվանդոյի։
Հայրիկն ասում է՝ որդու երազանքն ատամնատեխնիկ դառնալն էր։ Նարեկը սովորել է «Հայբուսակ» քոլեջում։ Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Կապանում։ Եղել է գնդացրորդ։ Հարազատների խոսքով, հրաշալի զինվոր է եղել, լավ է ծառայել։ Ծառայությունից վերադառնալուց հետո Նարեկը սկսում է կառուցել իր կյանքը։ Ընտանիք է կազմում, որտեղ նրա երկու դուստրերն են ծնվում։ Տիկին Սոֆյան նշում է՝ Նարեկն անսահման էր սիրում իր բալիկներին։ «Հոգատար հայր էր։ Նվիրված էր իր ընտանիքին, ամեն ինչի հանդեպ ուշադիր էր, ընտանիքը որևէ բանի կարիք չպետք է ունենար։ Շատ լավ տղա էր Նարեկս։ Ընկերասեր էր, խղճով, հրաշալի ու կենսուրախ մարդ էր։ Բարձրահասակ, գեղեցկադեմ երիտասարդ էր, ուրախ, ժպիտը միշտ դեմքին»։
44-օրյա պատերազմը փոխում է նաև Նարեկի կյանքի ընթացքը։ «Նարեկս ծանուցագիր ստացավ, և երկու եղբայր գնացին պատերազմ»,-ասում է հայրիկը։ Հրայրը՝ Նարեկի հորեղբոր որդին, նույնպես ծանուցագիր էր ստացել, բայց նրա մեկնելն անընդհատ հետաձգվում էր։ «Ջանքեր էր գործադրում առաջնագիծ հասնելու համար, բայց իրեն չէին տանում։ Երբ Նարեկի ծանուցագիրը եկավ, ասաց՝ չեմ թողնի, որ եղբայրս միայնակ մեկնի, իր հետ գնում եմ»։
Հոկտեմբերի 14-ին են տղաները տանից դուրս եկել և մեկնել մարտադաշտ։ Ուղղությունն Արցախն էր՝ Ջրականը։ «Նարեկիս հետ կապ չի եղել, անտառներում են եղել։ Մարտի են բռնվել թշնամու հետ»։ Բոլոր պատմություններում կարմիր գծի պես անցնում է այն հանգամանքը, թե որքան թեժ են եղել մարտերը Ջրականում։ Անգամ բնորոշում են տալիս՝ տղաները հայտնվել են «մսաղացի» մեջ։
Նարեկը զոհվել է հոկտեմբերի 19-ին Ջրականում։ «Երկու եղբորն իրար գրկած են գտել։ Չգիտենք էլ, թե ինչ է կատարվել, ով ում է օգնել, բայց իրար հետ են զոհվել։ Գիշերն է դեպքը տեղի ունեցել, իսկ առավոտյան արդեն բոթը ստացանք»։
Նարեկը պարոն Պողոսի միակ երեխան է։ Միշտ բարդ է հարցնել պատերազմում միակ երեխային կորցրած ծնողին, թե ինչն ապրելու ուժ տվեց անասելի ծանր օրերում։ Բայց պետք է նաև այդ հարցն ուղղել։ Իսկ պատասխանը շատ պարզ է. «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին»։ Եվ հիմա հայրիկն իր ողջ սերը և ուշադրությունը տալիս է Նարեկի երկու աղջիկներին՝ փորձելով այդ կերպ մի փոքր սփոփանք գտնել, լցնել այն անասելի կարոտի ծալքերը, որոնք նրա սրտում գոյացել են Նարեկի զոհվելուց հետո։
Հ. Գ. Նարեկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև «Սասունցի Դավիթ» մեդալով։ Հուղարկավորված է Դավթաշենի գերեզմանատանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում