Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին շատ եղան դիտարկումներ առ այն, որ մարզաշխարհի ներկայացուցիչները ու, ոչ միայն՝ մարզաշխարհի, այլ ոլորտների ներկայացուցիչներ, պարզապես մարդիկ, որոնց Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցել է, օգնել է, լավություն է արել, լռում են: Բացի մեկ-երկու հոգուց, նույն մարզաշխարհի ներկայացուցիչներից շատերը բերանները ջուր են առել: Ո՛չ տեսել են, ո՛չ լսել: Մի երկուսը նույնիսկ արդարացան, թե՝ մանրամասներին տեղյակ չեն... Մի երկուսն էլ «մոդայիկ» տեքստ են ասում, թե... «քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Խոսքն, այնինչ, քաղաքականության մասին չէ, այլ մարդկային նկարագրի, անօրինականության դեմ ընդվզելու: Ու խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ, ոչ էլ նրա հետ կապված հանգամանքը: Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի հետ կապված: Նույնը՝ Ռուբեն Վարդանյանի: Նաև՝ Ռոբերտ Քոչարյանի: Նաև՝ այլ քաղաքական, հասարակական գործիչների: Ու հարցը զուտ բարեգործությունը, աջակցելը կամ օժանդակելը չէ: Այսօր շատ ու շատ ազնիվ մարդիկ չեն լռում, արտահայտվում են, ընդվզում են՝ գտնելով, որ կատարվում է անարդարություն, ու իրենք չեն կարող լուռ հետևել այդ ամենին: Բայց շատերը կարող են նույնիսկ անվանապես նշել անձանց, որ հիշատակված գործիչների դռների առաջ ժամանակին «հերթ են կանգնել», հնարավոր է՝ գովաբանել են, միգուցե անհամբեր սպասել են նրանց հետ հանդիպման: Շատերը հենց աջակցություն են ստացել այդ մարդկանց կողմից, տո հենց «մարդ են դարձել» այդ մարդկանց շնորհիվ: Իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ «իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում», իրենք վախեցած են կամ անտարբեր են: Կամ հենց «իշխանական» են:
Մեր մեծերից Վահագն Դավթյանն իր հուշագրության մեջ մի խրատական դրվագ է արձանագրել Ավետիք Իսահակյանի հետ կապված: Ըստ այդմ, Վարպետին ասել են, թե այսինչը նրան բամբասում է ու չարախոսում: Իսահակյանը մի փոքր լռել է ու պատասխանել. «Ախր, ես այդ մարդուն ոչ մի լավություն չեմ արել ու զարմանում եմ, թե ինչո՞ւ է չարախոսում»:
Այդպես ինքնատիպ ու պատկերավոր Վարպետը բնութագրել է մարդկային ամենավանող հատկանիշներից մեկը՝ անշնորհակալությունն ու երախտամոռությունը: Շատ բնութագրական է, այնպես, չէ՞...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում