Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ի՞նչ եք կարծում, ամենո՞ւր են հնդկաձավար ուտում։ Դուք սխալվում եք։ Հնդկացորենի շիլան կամ «փլավը» մեզ համար (նաև հետխորհրդային գրեթե բոլոր երկրների) նույնքան սովորական և համեղ ուտեստ է, որքան անսովոր է ԱՄՆ-ի կամ Արևմտյան Եվրոպայի բնակչի համար։ Ինչու՞ է այդպես, չէ՞ որ այլ հատիկները, օրինակ՝ կորեկն ու բրինձը, արևմուտքում ուտում են նույն ախորժակով, ինչ մեզ մոտ։
Եթե հակիրճ լինենք, ապա ԱՄՆ-ում և Եվրոպայում հնդկաձավարի ոչ ժողովրդականության պատճառները հետևյալն են.
- բույսի քմահաճությունը,
-ցածր բերքատվությունը՝ համեմատած հանրաճանաչ և պահանջարկ ունեցող հացահատիկային այլ ապրանքների հետ,
-տեղական խոհարարական մշակույթներում հնդկաձավարից ճաշատեսակների պակասը կամ բացակայությունը:
Ստացվում է յուրատեսակ փակ շրջան։ Հնդկաձավար չի աճեցվում, քանի որ օգտավետ կուլտուրա չէ։ Նրանք, ովքեր կարող էին այն ուտել, պարզապես կյանքում երբեք հնդկաձավար չեն փորձել, քանի որ այն չի աճեցվում և պարզապես անհնար է այն գնել:
Հնդկաձավարի հայրենիքը հարավային Չինաստանն է, մասնավորապես՝ Յունան նահանգի Հիմալայների ստորոտում գտնվող լեռնային շրջանները: Հնդկաձավարը մշակության մեջ է մտցվել ավելի քան 5 հազար տարի առաջ, և այդ բույսի մշակովի տարատեսակի ստեղծումը տեղի է ունեցել ավելի բարձր լեռնային շրջաններում, քան հացահատիկային այլ մշակաբույսերի դեպքում:
Մ.թ.ա. 15-րդ դարում հնդկաձավարը թափանցել է Կորեա և Ճապոնիա, այնուհետև՝ Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրներ։ Եվրոպական շատ երկրներում այն հայտնվել է, ըստ երևույթին, թաթար-մոնղոլական արշավանքի ժամանակ, քանի որ այն կոչվում է նաև «թաթարական» բույս: 14-րդ դարում այն հասել է Լեհաստան, 15-րդ դարում՝ Գերմանիա, 16-րդ դարում՝ Հյուսիսային Իտալիա, իսկ 17-րդ դարում՝ Շվեյցարիա։ Բրիտանիայում այդ «սև հացահատիկը» (ֆրանսերեն՝ ble noir) դարձել է հիմնական մթերքներից մեկը: Հետագայում լեգենդ է առաջացել, որ հնդկաձավարի հանդեպ սերը բրիտանների շրջանում սերմանել է նրանց վերջին տիրակալը 16-րդ դարում։ Նորմանդիայում հնդկաձավարը կոչվում էր «հարյուրօրյա բույս», քանի որ բերքը ստացվում էր ցանքից երեք ամիս հետո։ Հնդկաձավարը անգլիացի գաղութարարների կողմից Հյուսիսային Ամերիկայում մշակված առաջին մշակաբույսերից մեկն է եղել:
20-րդ դարում ԱՄՆ-ում, Կանադայում և մի շարք այլ արևմտյան երկրներում հնդկաձավարի ժողովրդականությունը նվազել է։ Այսպես, ԱՄՆ-ում հնդկաձավարի (հիմնականում անասնակերի սորտերի) զբաղեցրած տարածքը 1918 թվականի 400 հազար հեկտարից իջել է և 1964 թվականին հասել 20 հազար հեկտարի (այսինքն՝ նվազել է 20 անգամ)։ Ֆրանսիայում հնդկացորենի դաշտերի տարածքը 19-րդ դարի 700 հազար հեկտարից (երբ Ֆրանսիան այդ ցուցանիշով զիջում էր միայն Ռուսական Կայսրությանը) նվազել է մինչև 30 հազար հեկտարի: Դա պայմանավորված է նրանով, որ նախկինում հնդկաձավարը ցանում էին աղքատ հողերում, որտեղ սննդանյութերի պակասի պատճառով հացահատիկայիններից կարելի էր աճեցնել միայն տարեկան: Տվյալ ժամանակաշրջանում այդ դաշտերում ժամանակակից պարարտանյութերի տարածմամբ հնարավոր է դարձել մշակել ցորեն, եգիպտացորեն և գարի, մշակաբույսեր, որոնք ավելի շատ պահանջարկ ունեն արևմտյան երկրների սննդի արդյունաբերության կողմից։ Այնուամենայնիվ, 1960-ականներից հետո արևմտյան աշխարհում հնդկաձավարի ժողովրդականությունը նկատելիորեն աճել է, բայց այն դեռ շատ է հետ մնում հետխորհրդային տարածքի երկրներից: Օրինակ՝ Ռուսաստանում 2022 թվականին արտադրվել է հնդկաձավարի համաշխարհային բերքի 54 տոկոսը։
Հինդուիզմում կան տոներ (Մահաշիվրատրի, Նավարատրի, Ջանմաշտամի), երբ թույլատրվում է միայն հնդկաձավարով կերակրատեսակներ: Արևել յան սլավոնների ժողովրդական օրացույցում կա մի օր, որը կոչվում է «Հնդկացորեն Ակուլինա»: Անունը կապված է Սուրբ Ակուլինայի հետ, որը համարվում էր հնդկաձավարի բերքահավաքի հովանավորն ու աջակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում