ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը վերջին շրջանում չափից դուրս շատ աչքի ընկավ, որի հիմանական պատճառը` բազմաթիվ հայտարարություններով հանդես գալն էր: Սեդրակյանի արտահայտած մտքերը, մեղմ ասած, վատ դրության մեջ դրեցին ոչ միայն իրեն, այլ նաեւ մյուս ՀՀԿ-ականներին, որոնք լրագրողների հարցերի «տակից» մի կերպ էին դուրս գալի:
Հիշեցնենք, որ հարցազրույցներից մեկի ժամանակ, Orer.am-ին պատգամավորը հայտնել էր, որ պատգամավորական աշխատավարձով՝ առանց այլ գործունեություն ծավալելու, պարզապես հնարավոր չէ ապրել: Այս անգամ էլ Orer.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք մյուս պատգամավորները եւս այլ գործունեություն ծավալելու միջոցով են պահում իրենց ընտանիքները: Ինչպես նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը. «Ես անձամբ տեղավորվում եմ պատգամավորկան իմ աշխատավարձի մեջ, Սեդրակյանին հավանաբար շատ-շատ ավելին է պետք, կամ նա մտածում է, որ եթե պատգամավորական աշխատավարձ ու բիզնես չունենա, ապա ինչպե՞ս պետք է ապրի: Այ դա իրոք մտահոգիչ է, սակայան Սեդրակյանի դեպքում կարծում եմ, որ՝ ոչ»:
Իսկ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հավելեց. «Կա օրենք, որը կարգավորում է այդ հարցերը: Պատգամավորը կարող է գիտական կամ այլ մանկավարժական գործունեությամբ զբաղվել, կամ գրքեր գրել և տպագրել, իսկ գործարարությամբ զբաղվելը խստիվ արգելվում է: Ցավում եմ, որ որոշ պատգամավորներ օրենքին ամբողջովին ծանոթ չեն»:
Սոսե Չանդոյան