Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Politics«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.
Գագիկ Ծառուկյանը կալանավորված է։
Գագիկ Ծառուկյանը կալանավորված է։
Մենք՝ պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը, առաջնորդվելով Հայոց Հայրենիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց պետականության, ազգային արժանապատվության, արդարության և ճշմարտության նկատմամբ մեր անսասան հավատով, մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
Գագիկ Ծառուկյանն իր տասնամյակների գործունեությամբ նշանակալի և անուրանալի հետք է թողել Հայաստանի քաղաքական, պետական, տնտեսական, մարզական, հասարակական և բարեգործական կյանքում՝ իր ներդրումն ունենալով Հայոց պետականության ամրապնդման, հասարակական կյանքի զարգացման և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման գործում։
Շուրջ 22 տարի ղեկավարելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանն իր հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքով նպաստել է հայկական սպորտի զարգացմանն ու հայ մարզիկների միջազգային հաջողություններին։
Այդ տարիների ընթացքում աշխարհի բազմաթիվ մարզական հարթակներում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, իսկ միջազգային մարզաշխարհում բարձր պահվել Հայաստանի և հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
Գագիկ Ծառուկյանն է նաև «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագրի հեղինակն ու հիմնադիրը։ Ծրագիրը ներառում է Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական ու հրատապ խնդիրների ձևակերպումներն ու դրանց լուծման ուղիները։
Ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի ներքին հաշտեցումը, հանրային երկխոսության ձևավորումը, հասարակության մեջ թշնամանքի հաղթահարումը, հայկական աշխարհի միասնականության վերականգնումը, պատերազմի ռիսկերի նվազեցումը և իրական խաղաղության հաստատումը, արդյունավետ անվտանգային համակարգի ձևավորումը, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացումը և դաշնակցային հարաբերությունների վերականգնումն ու ամրապնդումը։
Մեր և բազմահազար քաղաքացիների զորակցությունը Գագիկ Ծառուկյանին պայմանավորված չէ միայն այսօրվա իրավիճակով։
Այն ձևավորվել է տարիների ընթացքում՝ նրա պետականաշինական, մարզական, հասարակական և բարեգործական գործունեության նկատմամբ մեր ունեցած գնահատանքի հիման վրա։
Այս ամենը մենք չենք կարող և իրավունք չունենք անտեսելու։
Մենք գիտակցում ենք, որ Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ կարող են լինել տարբեր քաղաքական գնահատականներ և տարաձայնություններ։ Սակայն քաղաքական գնահատականն ու քաղաքական տարաձայնությունը չեն կարող վերածվել հետապնդման, իսկ քաղաքական պայքարը՝ հաշվեհարդարի։
Արդարադատությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ, իսկ մարդու ազատությունը՝ նրա քաղաքական դիրքորոշմամբ։
Օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար։ Իրավական գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենքի, փաստերի և արդարադատության սկզբունքների հիման վրա՝ առանց քաղաքական որևէ ճնշման կամ միջամտության։
Ուստի մենք պահանջում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացի լիարժեք օրինականություն, անաչառություն և թափանցիկություն՝ բացառելով որևէ քաղաքական բնույթի ճնշում կամ միջամտություն։
Այսօր «Հայոց Արծիվների» բազմահազար ընտանիքի անունից մենք մեր խոսքն ասում ենք հստակ, վճռական և աներկբա։
Մենք զորակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
Մենք աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։
Մեր դիրքորոշումը հօգուտ օրենքի է, հանուն արդարության է, հանուն ճշմարտության է, հանուն մարդու արժանապատվության է։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ոչ թե ատելության, թշնամանքի և պառակտման, այլ արդարության, ճշմարտության, ազգային միասնության, պետական մտածողության, փոխադարձ հարգանքի և օրենքի գերակայության հիմքի վրա։
Հայաստանը մեր բոլորի Հայրենիքն է։
Եվ հենց մեր Հայրենիքի ապագայի համար մենք պարտավոր ենք պահպանել այն արժեքները, որոնց վրա պետք է ամուր և անսասան կանգնի մեր պետականությունը՝ արդարությունը, օրենքի գերակայությունը, մարդու արժանապատվությունը, ազգային միասնությունն ու պետական շահը։
Հավատով՝ դեպի արդար, ինքնիշխան, հզոր և միասնական Հայաստան։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Պահեստազորի Գնդապետ,
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։