Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի՝ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» թիվ 2001-Լ որոշմամբ նախատեսված է մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 հազար դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվելու է մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ 2026 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2026 թվականի հոկտեմբերի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող 20 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կազմում է 18 միլիոն դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2026 թվականի պետական բյուջեով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում