Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Սարդինիայում գինեգործության պատմությունը սկիզբ է առել դեռևս Նուրագյան ցեղերի ժամանակներից, սակայն վերջին հազար տարվա ընթացքում այդ գեղեցիկ միջերկրածովյան կղզում ափ իջած գրեթե յուրաքանչյուր նվաճող նպաստել է դրա զարգացմանը: Փյունիկցիները, կրետացիները, կարթագենցիները, հռոմեացիները և բյուզանդացիները լավատեղյակ էին խաղողագործությանը և գինեգործությանը: Ժամանակին նրանք կղզի են բերել իրենց խաղողի տեսակները, գիտելիքները և տեխնոլոգիաները, ինչպես նաև գինեգործության զարգացմանը նպաստել են կղզու իդեալական կլիման և բերրի հողը: 16-րդ դարում Սարդինիան արդեն հայտնի էր որպես «Գինու կղզի»:
Սարդինիայի գինու ժամանակակից պատմությունը սկսվել է այն ժամանակից, երբ երկու իտալական ընտանիք, որոնք կղզի են տեղափոխվել Պիեմոնտից, ստեղծել են գինեգործական Sella & Mosca ընկերությունը: Սինյոր Սելլան ինժեներ էր, իսկ սինյոր Մոսկան՝ իրավաբան, բայց երկուսն էլ լավ գինու մեծ գիտակներ էին և հմայված Սարդինիայի անծայրածիրությամբ և գեղեցկությամբ. արդյունքում 1899 թվականին նրանք հիմնադրել են Sella & Mosca-ն: Նրանք ձեռք են բերել հողատարածք Ալգերոյից հյուսիս, տնկել են խաղողի որթատունկեր, և 1901 թվականին թողարկվել է գինու առաջին շիշը: Հիմնադիրների հետաքրքրությունը Եգիպտոսի նկատմամբ (որը շատ հեռու է ինժեներիայից և իրավունքից) հանգեցրել է նրան, որ ընկերության լոգոն հիմնված է եղել եգիպտական բարձրաքանդակի տեսարանի վրա, որը պատկերում է խաղող քամող մարդկանց։
Ներկայում Sella & Mosca-ի խաղողի այգիները մեծությամբ հինգերորդն են աշխարհում և երկրորդը՝ Իտալիայում։ Գինեգործարանները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք պահպանում են տարիների ընթացքում ստեղծված հայտնի գինիների ուշագրավ որակը և ստեղծում նոր, հրաշալի գինիներ։ Խաղողի ողկույզների օպտիմալ հասունացումը և հատապտուղների շաքարի և թթվայնության օպտիմալ հավասարակշռությունն ապահովելու համար որթատունկերը հիմնականում աճեցվում են պերգոլաների մեջ՝ ստեղծելով մի տեսակ կանաչ թունել, որը պաշտպանում է ողկույզները պայծառ արևից։ Ընդ որում, խաղողը հավաքվում է ձեռքով։
Ավանդաբար Sella & Mosca գինիները պատրաստվում են տեղական և ներմուծված խաղողի տեսակների խառնուրդից։ Տեղական տեսակների թվում են հին միջերկրածովյան Cannonau-ն, Vermentino-ն, Carignano-ն, Monica-ն, Torbato-ն, իսկ լավագույն միջազգա յին տե սակ նե ր ի ց ե ն C a b e r n e t Sauvignon-ը, Merlot-ը և Sauvignon Blanc-ը։ Հետաքրքիր է, որ կենսաբազմազանությունը խթանելու համար, որը նպաստում է խաղողի այգիների բնական պաշտպանությանը, Sella & Mosca-ի հողերում առկա է ծառերի և թփերի լայն տեսականի՝ ավելի քան հինգ հարյուր սոճի, արմավենի, էվկալիպտ, ավելի քան 3000 օլեանդր և այլ թփեր: 2002 թվականին Sella & Mosca-ն դարձել է Gruppo Campari-ի մաս, և դրա գինիները այժմ հասանելի են աշխարհի մեծ մասում:
Սարդինական գինիները հանդիպում են Հայաստանում, սակայն ներկայում դրանք ներկայացված են ոչ մեծ տեսականիով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում