Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ջրացատկը համարվում է ամենագեղեցիկ մարզաձևերից մեկը: Այդ մրցումներում մարզիկը, ցատկելով համապատասխան հարթակից, թռիչքի ժամանակ կատարում է տարբեր ակրոբատիկ տարրեր: Ելույթը գնահատելիս դատավորները հաշվի են առնում ոչ միայն այդ տարրերի, այլև մարզիկի՝ ջրի մեջ սուզվելու մաքրությունը:
Հաստատապես հայտնի է, որ մարդիկ սուզվել են ջրի մեջ դեռ անհիշելի ժամանակներից: Հնագիտական պեղումների ժամանակ այդ փաստի բազմաթիվ վկայություններ են հայտնաբերվել որմնանկարների վրա, կան նաև ջրի մեջ ցատկող մարդկանց պատկերներ սափորների վրա: Հին ժամանակներում նավաստիներին կամ ձկնորսներին, մարգարիտի «որսորդ»-սուզորդներին կամ պարզապես սուր զգացմունքներ փնտրողներին պարզապես անհրաժեշտ էր լավ լողալ ու սուզվել։
Չնայած դրան, ջրացատկը միայն 19-րդ դարի երկրորդ կեսին է լայն տարածում գտել, և մոտավորապես նույն ժամանակ էլ սկսվել է նրա բուռն զարգացումը։ Դրան նպաստել են մի շարք գործոններ՝ մարմնամարզության հանրաճանաչությունը, արդյունաբերության զարգացումը, տարբեր սպորտային ջրային համալիրների ու կառույցների ստեղծումը։ Հետաքրքրությունն այդ սպորտաձևի նկատմամբ շարունակել է աճել հսկայական տեմպերով: 1908 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ջրացատկի երկու տեսակ կար՝ ցատկահարթակ և աշտարակ: Առաջինը տարածված էր Գերմանիայում, երկրորդը՝ Շվեդիայում։ Գերմանացիներն իրենց ցատկերը կատարում էին ցատկահարթակից, ջուր մտնելը կատարվում էր գլխով, իսկ ձեռքերը սեղմված էին մարմնին։ Շվեդներն ունեին ջրացատկի իրենց ոճը. թռիչքի ժամանակ նրանց շարժումներն օդում նուրբ էին և ճկուն, ջուրն էին սուզվում ձեռքերն առաջ։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը հենց Գերմանիան և Շվեդիան էին ճանաչված այդ մարզաձևի առաջատարներ։ Հետո ջրացատկը հայտնի դարձավ նաև ԱՄՆ-ում։ Դա մեծապես պայմանավորված էր տաք կլիմայով, որը հնարավորություն էր տալիս բաց երկնքի տակ տարեկան 7 ամիս լողալ, ինչպես զարգացած սպորտային ենթակառուցվածքներով: Ժամանակի ընթացքում ամերիկացիները մշակեցին ցատկելու իրենց ոճը՝ համատեղելով սկանդինավյան ջրասուզումն ու գերմանական՝ ուղիղ պահվող ոտքերը։ Այդպես էլ ի հայտ եկավ ջրացատկի ժամանակակից տեխնիկան, որը փաստացի ստեղծվել է տարբեր երկրների ներկայացուցիչների համատեղ ջանքերով։
Ջրացատկի Եվրոպայի առաջին առաջնությունն անցկացվել է 1890 թվականին, իսկ աշխարհի առաջնությունը՝ 1973 թվականին։
1970 թվականին ցուցադրական ելույթներում ԽՍՀՄ հավաքականն առաջին անգամ ցուցադրել է ջրացատկի նոր տեսակ՝ սինխրոն ջրացատկը, որն էլ արդեն 2000 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ներառվել է մրցումային ծրագրում։
Այսօր էլ է ջրացատկը շարունակում մեծ ժողովրդականություն ձեռք բերել աշխարհում: Օդում ակրոբատիկ տարրերով նրբագեղ թռիչքները երկար ժամանակ եղել են ջրային սպորտի բոլոր առաջնությունների և Օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում