Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կենտրոնական բժշկական հանձնաժողովի ձևավորման գործընթացը պարզեցնելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության շրջանակը և վերապահված գործառույթները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանող թիվ 405-Ն որոշման համաձայն, կենտրոնական բժշկական հանձնաժողովը բժշկական փորձաքննության արտահաստիքային մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչը հայտարարելու մասին կառավարության համապատասխան որոշմամբ՝ պաշտպանության նախարարի առաջարկով: Նույն որոշմամբ սահմանված է նաև, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինապարտների բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է պաշտպանության նախարարին։ Վերջին տարիների ընթացքում կազմակերպված զորակոչերի ժամանակ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի ընտրության և համապատասխան կառույցների հետ նախնական համաձայնեցման գործընթացի ձգձգման հետևանքով հերթական զորակոչը հայտարարելու մասին կառավարության համապատասխան որոշումներն ընդունվել են ավելի ուշ, քան նախատեսված է եղել ի սկզբանե: Արդյունքում կենտրոնական բժշկական հանձնաժողովն իր աշխատանքները կարողացել է սկսել ավելի ուշ և զորակոչին ենթակա քաղաքացիների բժշկական փորձաքննությունն իրականացրել է երկու-երեք ամսվա ընթացքում՝ հարկադրված լինելով աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով։ Միաժամանակ, լինելով ժամանակավոր գործող հանձնաժողով, կենտրոնական բժշկական հանձնաժողովը գործել է հայտարարված զորակոչի ընթացքում, զորակոչի ավարտից հետո հանձնաժողովի լիազորությունները դադարել են և գործնականում կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ համապատասխան զեկույց կամ հաշվետվություն պաշտպանության նախարարին ներկայացրել է ոչ թե հանձնաժողովը, այլ հանրապետական զինվորական կոմիսարը։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ հայտարարված զորակոչի ավարտից հետո երբեմն հնարավոր չի եղել նաև ապահովել կենտրոնական բժշկական հանձնաժողովին վերապահված այլ գործառույթների, մասնավորապես՝ իր կողմից կայացված եզրակացությունների մասով քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների քննարկումը և դրանցում բարձրացված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ տալը։
Նախագծի համաձայն, նախատեսվում է սահմանել, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը կազմավորվում է պաշտպանության նախարարի առաջարկով՝ կառավարության առանձին որոշմամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և գործում է մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը ներառյալ։ Նախատեսվում է նաև առաջարկվող փոփոխություններով որոշակի առումով ընդլայնել կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության շրջանակը (որպես զինապարտների բժշկական փորձաքննության ղեկավար մարմին զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին մեթոդական օգնության ցուցաբերում, այդ հանձնաժողովների կայացրած եզրակացությունների մասով քաղաքացիներից ստացված դիմումների քննարկում և այլն), ինչպես նաև հստակ սահմանել հանձնաժողովին վերապահված գործառույթների իրականացման ընթացակարգերը և ժամկետները։
Նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում, քանի որ թեև նշված կարգավորմամբ հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածը կավելանա մոտ երկու ամիս ժամանակով, սակայն այն համապատասխանում է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1132-Ն որոշմամբ սահմանված՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ նաև զորակոչիկների առողջական վիճակի հետազոտություն և բժշկական փորձաքննություն իրականացնելու ժամանակահատվածին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում