Ռուսական շուկայում գնալով ՌԴ ազգային արժույթը' ռուբլին, արժևորվում է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ TASS լրատվական գործակալությունից, վերջին տվյալներով' եվրոն մոսկովյան բորսաներում իջել է 3.85 ռուբլիով' կազմելով 81.3 ռուբլի, իսկ դոլարը' 2.3 ռուբլիով՝ դառնալով 65.2 ռուբլի: Դրանից րոպեներ առաջ, ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով, դոլարի փոխարժեքը հավասար էր 67.79 ռուբլու, իսկ եվրոյինը' 84.59 ռուբլու:
Կեսօրն անց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկը կառավարության հետ մշակել է գործողությունների փաթեթ երկրի ֆինանսական շուկայի կայունացման համար: Վարչապետը տեղի ունեցողը անվանել էր «խաղ զգացմունքների հետ» ու կոչ էր արել որքան հնարավոր է արագ կարգի բերել իրավիճակը:
Մեդվեդևը նշել էր, որ ռուբլու փոխարժեքը չի համապատասխանում օբյեկտիվ պատկերին, այն դուրս է եկել տնտեսության համար հարմարավետ սահմաններից: ՌԴ վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ իմաստ չունի խիստ կարգավորում իրականացնել, այն պետք է հիմնված լինի շուկայական չափանիշների վրա:
Moody's վարկանիշավորող գործակալությունը հայտնել է, որ շուկայական իրավիճակը անպայման չի, որ ազդի ռուսական վարկային վարկանիշի վրա: