Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ դժգոհում են նաև դեղերի շուկայում առկա թանկացումներից: Այսօր առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ դեկտեմբերի 11-ից հետո որոշ դեղագործական ընկերություններ որոշակի կերպով բարձրացրել էին դեղերի գները Հայաստանում,-հայտնում է Orer.am-ը:
Ըստ Ուլիխանյանի՝ այդ թանկացումները կազմել են 5-10 տոկոս: Այդ ժամանակահատվածում եղավ խորհրդակցություն նախարար Արմեն Մուրադյանի մոտ: Վերջինս հորդորել է անհարկի չթանկացնել դեղերի արժեքը:
Նախարարության ներկայացուցիչը հավաստիացնում է, որ դրամի արժեզրկումից հետո մի քանի շաբաթ գները չբարձրացան, սակայն դեկտեմբերի 16-ի տվյալներով՝ դեկտեմբերի 11-ից հետո տեղի ունեցան թանկացումներ: Այդ թռիչքները առանձին դեպքերում հասել էին նույնիսկ 18 տոկոսի:
Պարոն Ուլիխանյանը նշում է, որ դեկտեմբերի 18-ից հետո, երբ դրամը սկսեց արժևորվել, գները իջեցվեցին, այս պահին էլ այդ իջեցումները արդեն նկատելի են հասարակության համար: Նախարարի խորհրդականը նաև հայտնեց, որ ոչ բոլոր դեղերն էին թանկացվել: Դեպքեր գրանցվեցին, որ ռուբլով գնված դեղերի գները նույնիսկ իջան:
Այնուամենայնիվ, Ղուկաս Ուլիխանյանը հանրությանը հավաստիացնում է, որ դրամի արժևորման պարագայում թանկացած դեղերը անպայման էժանանում են: Ըստ պարոն Ուլիխանյանի տվյալների՝ ներմուծողների կողմից դեղերի անհարկի թանկացում չի եղել: Բացի այդ, Ուլիխանյանը նշում է, որ Առողջապահության նախարարությունը մշտական դիտարկումներ է անցկացնում և անհարկի բարձրացման դեպքում կկիրառի իր գործիքները:
Լևոն Փանոսյան