Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները հակառակորդի հարձակումը կասեցրել են ընդամենը 20 րոպե
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողները, ովքեր օգոստոսի սկզբին կանխել են իրենց պաշտպանության տակ գտնվող դիրքի վրա հակառակորդի հարձակումը, փաստում են, որ նման իրավիճակում հարկավոր է լինել սառնասիրտ և ճիշտ գնահատել իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հակառակորդի հարձակումը հետ մղած զինծառայողներն ընդգծեցին, որ նման դեպքերում խուճապի մատնվելով՝ հաջողության չես հասնի: «Հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու պահին շատ կարևոր է լինել սառնասիրտ և ճիշտ գնահատել իրավիճակը: Խուճապի մատնվել ոչ մի դեպքում պետք չէ, քանի որ այդ դեպքում հաջողության չես կարող հասնել»,- նշեց շարքային Տիգրան Ավետիսյանը, ով մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելու ժամանակ արիություն ցուցաբերելու համար ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի կողմից պարգևատրվել էր Մարշալ Բաղրամյան մեդալով:
Հակառակորդի հարձակումը կասեցնելու գործողության մասնակցած զինծառայողները միակարծիք էին այն հարցում, որ հակառակորդի նկատմամբ ատելության զգացումն այդ պահին իրենց ավելի ուժեղ է դարձրել և օգնել է նրան հետ շպրտելու հարցում: Շարքային Գոռ Պիլյանը փաստում է, որ հակառակորդի դեմ-դիմաց հայտնվելով առաջին զգացումը հենց ատելությունն է եղել: «Դա մեզ օգնեց, որպեսզի ավելի ուժեղ լինենք»,- ասաց նա, ինչի հետ համաձայն էին նաև նույն օրը նրա հետ դիրքերում եղած ընկերները:
Հակառակորդին հետ շպրտելու գործողությունը տևել է ընդամենը 20 րոպե: Այդ ընթացքում մեր զինծառայողները կազմակերպված գործողությունների արդյունքում կարողացել են զգալի մարդկային կորուստներ պատճառել հակառակորդին և ստիպել նրան խուճապահար փախչել: Տղաները ցավով նշում էին միայն այն հանգամանքը, որ գործողության արդյունքում հերոսաբար զոհվել են իրենց վաշտի հրամանատարը և ծառայակից ընկերը: «Նրանց կորուստն իսկապես շատ ծանր էր մեզ համար: Նրանք վիրավորվեցին մեր աչքերի առաջ, իսկ հետո հիվանդանոցում մահացան»,- պատմեցին զինծառայողները:
Զինվորներն ընդհանրապես քչախոս էին: Նրանք հրաժարվում էին պատասխանել հարցերին՝ որոշ հարցերի միայն տալով կարճ պատասխաններ: Սակայն առանց նրանց հետ խոսելու էլ, միայն աչքերի մեջ նայելով՝ կարելի էր հասկանալ, որ ցանկացած պահի այս տղաները, որոնք ընդամենը մեկ տարվա զինծառայողներ են, պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին և հետ շպրտել նրան, կարելի էր հասկանալ, որ նրանք գիտակցում են այն կարևոր առաքելությունը, որ դրված է իրենց վրա՝ ցանկացած գնով անառիկ պահել հայրենիքի սահմանները:
Հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու ժամանակ արիություն և խիզախություն ցուցաբերելու համար գործողության մասնակցած բոլոր զինծառայողները ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հրամանով պարգևատրվեցին խրախուսական մեդալներով: Որոշ զինծառայողներ և ազատամարտիկներ նախարարի հրամանով ստացան նաև դրամական պարգևներ: Զինծառայողներն ու ազատամարտիկներն իրենց պարգևները ստացան անմիջապես ՊԲ հրամանատարի ձեռքից, ով այնուհետև լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդադար կրկնում էր, որ հպարտանում է իր զինվորներով: