Վերին Լարսում մոտ մեկ տասնյակ հայկական մարդատար մեքենաներ կան, նաև բեռնատարներ
Վերին Լարս-Կազբեկ ճանապարհահատվածում տեղի ունեցած սողանքից հետո Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչ է անում բոլորին խուսափել երթևեկել այդ ճանապարհով: Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը նշել է, որ տեղում իրավիճակը բարվոք է, ժողովրդի համար տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ, մատակարարվում է սնունդ և առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները:
«Նախնական տվյալներով, որը մեզ հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչությունից, ավտոճանապարհը փակ կլինի 10-15 օր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնել է Աղաջանյանը: Վերջինիս խոսքով' այս պահի դրությամբ կա բեռնատար մեքենաների որոշ կուտակում, ինչպես նաև' մոտ մեկ տասնյակ մարդատար մեքենաներ: Առավոտյան 09:30-ի տվյալներով' այդ վայրում չկան կանայք և երեխաներ:
«Մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանության բոլոր այն սուբյեկտների հետ, որոնցով երթևեկում են մինչև Վերին Լարս հասնելը: Մասնավորապես, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ճանապարհային ոստիկանության հետ, որ հենց Կաբարդինո-Բալկարիա մուտք գործելիս բոլորին տեղեկացվում է, որ ճանապարհը փակ է և խորհուրդ է տրվում չշարունակել երթևեկելը և վերադառնալ: Մշտական կապի մեջ ենք գտնվում ՌԴ բոլոր համապատասխան մարմինների հետ, ուշի ուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը և լրացուցիչ տեղեկությունների լինելուն պես, անմիջապես կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է Աղաջանյանը: