«Ցեղասպանության ճանաչումը փակուղի է մտել ֆուտբոլային դիվանագիտությունից հետո»-, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Ըստ նրա, 2014 թվականին Հայաստանի գործող իշխանությունները «պրավալ են տվել» թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքաղաքական կյանքում:
«Սա մեծ նվեր է Թուրքիայի համար, որովհետև աշխարհի մեծ պետությունները զերծ են մնում գնահատական տալուց` մտածելով, որ բանակցությունների միջոցով հարցը կլուծվի, այսինքն` այս ոլորտում պրավալ է»,- նկատեց նա և հավելեց, որ այս տարվա առանձնահատկություններից է քաղաքական դաշտի կառուցվածքը:
«Բոլոր ժամանակներում իշխանությունն ունեցել է մեծ նռնակներ, օրինակ` Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, կամ փոքր նռնակներ, որոնք միշտ էլ եղել են: Իսկ այս տարի ՀՀԿ-ական օլիգարխիան եւ ԲՀԿ-ական օլիգարխիան, այսինքն` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թեւերը, սկսեցին մրցակցել, բայց մի պայմանով, որ իրար չպիտի հոշոտեն: Այս կողմերի ցանկությունը միայն մեկն է` գալ իշխանության»,- ավելացրեց Մակեյանը: