Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կնքեց փոխմբռնման հուշագիր սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև:
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբˋ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ: Կյանք փրկող այս ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատությունները իրականացվում են` բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող` զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին:
Նոր ծրագիրը հնարավորություն կտա ներկայումս սրտի անվճար վիրահատությունների իրավունք չունեցող անձանց վիրահատությունները 2015թ. հունվարի 1-ից իրականացնել անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով: Այդ նպատակով նոր ծրագրով նախատեսված տարեկան 500 մլն դրամը մեկ վիրահատության գինը 720 -750 հազար դրամ կիրառելու պայմաներում հնարավորություն կտա տարեկան նախնական հաշվարկների համաձայն վիրահատել 660-690 անձանց:
Հաշվի առնելով, որ նշված ծառայության գծով պահանջարկը բարձր է, անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացինների ընտրության համար մշակվում է համապատասխան կարգ: Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական կազմակերպություններում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկումներ: