Այսօր լրագրողներին է հանդիպել Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը,-տեղեկացնում է Օrer.am-ը:
Պարոն Ասատրյանը հոռետեսական տրամադրություններով է ամփոփում տարին:
«Ես դարձել եմ չար լուրեր բերող մունետիկ»,- ասում է նա:
Ըստ տնտեսագետի՝ նոր կառավարության ձևավորման ժամանակ եղան խոստումներ, սպասելիքներ, բայց մեր քաղաքացիներն ավելի վատ են դիմավորելու այս Նոր տարին, քան նախորդը: Բանախոսի պնդմամբ՝ տարեսկզբին արդեն տեսանելի էր, որ 2014 թվականին մեծ փոփոխությունների սպասելն անիմաստ է:
Բագրատ Ասատրյանը նշում է, որ անցնող տարվա համար կանխատեսվում էր շատ մեղմ և չնչին տնտեսական աճ, բայց գների թանկացումները նույնպես մեղմ էին կանխատեսվել և ինքն էլ չէր սպասում, որ զարգացումներն այսպես վատ ընթացք կունենային:
Տնտեսագետի գնահատմամբ՝ այս տարի ունենք 3.5 տոկոս տնտեսական աճ, գնաճը կազմել է 6-7 տոկոս: Սակայն Ասատրյանը խորհուրդ է տալիս չխաբնվել գնաճի այս ցուցանիշներին:
«3.5 տոկոս տնտեսական աճը զարգացած երկրների համար վատ թիվ չէ, բայց մեր տնտեսությունն այնպիսին է, որ այդ աճի թվերը վերաբերում են բնակչության միայն մի փոքր հատվածին, իսկ լայն զանգվածները չեն տեսնում այդ 3.5 տոկոս արդյունքներն իրենց վրա»,- հայտնում է Բագրատ Ասատրյանը:
Բանախոսը կանխատեսում է, որ 2015 թվականը ավելի ծանր տարի է լինելու մեր տնտեսության համար: Նա սուտ է համարում այն պնդումները, թե տեղի ունեցածը կապված է արտաքին գործոնների հետ: Այս ամենի մեղքը տնտեսագետը հենց Հայսատանի ներսում է տեսնում:
Պարոն Ասատրյանը կարծում է, որ միակ դրական ցուցանիշը, որն արձանագրվել է այս տարի` ծնելիության աճն է մոտ 4 տոկոսով:
Լևոն Փանոսյան