Արդեն երկու օր է, ինչ լրատվամիջոցները կրկին աղաղակում են Քեսաբում տեղի ունեցող նոր հարձակումների մասին: Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 24-ի ուշ գիշերը, մեծ քանակությամբ իսլամիստ զինյալ ահաբեկիչներ են նկատվել սահմանամերձ շրջաններում: Կեսգիշերին մոտ տեղի բնակիչները, զգալով վտանգը, ահազանգ են հնչեցրել:
Ըստ տեղեկություների` տեղի բնակիրների ահանզանգից հետո պետական ուժերը տարածվել են դեպի պաշտպանական դիրքեր և հակահարված տվել ներխուժման փորձ կատարած ահաբեկիչներին: Այս իրավիճակը տևել է մինչև լուսաբաց:
Սիրիայում տեղի ունեցող ռազմական զարգացումների եւ հատկապես հայաբնակ հատվածների վրա հարձակումների մասին, Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ. «Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները ես կցանկանայի ավելի շատ կապել սիրիական հակամարտության կոնտեքստի հետ: Ըստ էության, Սիրիայի տարբեր հատվածներում իրավիճակը լարված է, պարբերաբար բռնկումեր են տեղի ունենում. գիտենք, որ քրդական շրջաններում էլ է ռազմական գործողություների ակտիվություն նկատվում, այսինքն` ընդհանուր առմամբ, Սիրիայում անվերահսկելի վիճակ է, իրար դեմ են պայքարում մի քանի խմբավորոմներ, որոնք իրենց հերթին ունեն տարբեր շահեր: Նկատենք, որ Ասադի հակառակորդների ճամբարում էլ այլեւս միասնություն չկա, այսինքն` ուզում են նշել, որ այս պարագայում հայկական գործոնն այդքան էլ չէի կարեւորի, որքան այն ներկայացվում է մեր մամուլում: Այս ամենը պետք է դիտարկել Սիրիայում տեղի ունեցող հակամարտության համատեքստում: Ամեն դեպքում, քեսաբահայերն ու ողջ սիրիահայությունը պետք է զգոն լինեն, որովհետեւ պատերազմում կարկանդակներ չեն բաժանում, պատերազմը ենթադրում է ավերածություններ, զոհեր:
Ինչ խոսք, սիրիական գաղթօջախը ես կարեւորում եմ: Ըստ էության, այդ համայնքն այսպես, թե այնպես, պատերազմի հետեւանքով քայքայվում է: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները ճիշտ կանեին, որպեսզի կազմակերպեին սիրիահայության տեղահանում` վերաբնակեցնելով այդ մարդկանց Ղարաբաղում կամ Հայաստանում, որովհետեւ ամեն օր մենք արձանագրում ենք նոր ավերածություններ և նոր զոհեր մեր հայրենակիցների շրջանում»:
Սոսե Չանդոյան