Արգենտինայում Հայաստանին և ԼՂ հակամարտության նվիրված կոնֆերանս է կազմակերպվել
International newsՄիջազգային հարաբերությունների գծով արգենտինական խորհուրդը (GARI) Հարավային Կովկասին նվիրված 20-րդ գիտական կոնֆերանսն է կազմակերպել, որն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին, նրա զարգացմանը, մարտահրավերներին և ԼՂ հակամարտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով prensaarmenia.com-ը, կոնֆերանսում ելույթ են ունեցել Արգենտինայում, Չիլիում, Ուրուգվայում և Պարագվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Սան Անդերսի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Խաչիկ Տեր Ղուկասյանը, hայ-արգենտինական առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Հովհաննես Բոգիաձյանը: Կոնֆերանսին դեսպանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, որից հետո անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանը: Նա շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է, որ խաղաղ բանակցություններ ընթանան: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին միանա նաև ԼՂՀ-ն, քանի որ անհնար է առանց հակամարտության կողմի որոշում կայացնել կարգավորման վերաբերյալ: Դեսպանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ հակամարտությունը կարգավորվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա : Պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանն էլ ներկայացրել է 1991թ. սկսած Հայաստանի վերաբերյալ միջազգային ամենատարբեր զեկույցներն ու վարկանիշային աղյուսակները: Տեր -Ղուկասյանը նշել է, որ հարևան պետությունների` Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ համեմատած Հայաստանի ցուցանիշները շատ բարձր են, և արդյունքները փաստում են, որ Հայաստանը գնում է զարգացման ճանապարհով: Տեր-Ղուկասյանը հատկապես շեշտել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը`հավելելով, որ այս առումով նույնպես երկիրը ավելի բարձր մակարդակի վրա է, քան հարևանները: Հայ-արգենտինական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հովհաննես Բոգիաձյանն էլ շեշտել է, որ Հայաստանը հանդիսանում է կամուրջ, և, Հայաստանում ներդրումներ կատարելուն զուգահեռ, կարելի է Հայաստանի միջոցով բիզնես գործունեություն ծավալել նաև Ռուսաստանում: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գնահատմամբ, սփյուռքում բնակվող բոլոր գործարարները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում, նրա խոսքերով Հայաստանին ավելի մոտենալու լավագույն տարբերակն այնտեղ լուրջ ներդրումներ կատարելն է: