Esem.am-ը գրում է.
Հայկական կոլորիտ, վառ գույներ, բարու և չարի պայքար՝ արդարի հաղթանակով. մեր մանկության հեքիաթի՝ Ղազարոս Աղայանի «Անահիտի» հիման վրա ստեղծված մուլտֆիլմն արդեն էկրաններին է: Ընդ որում՝ այն մեծ ասելիք ունի ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:)
Մոտ 5 տարվա աշխատանք պահանջած մուլտֆիլմի առաջին հանդիսատեսը լրագրողներն էին: Մուլտֆիլմի ռեժիսորներն են՝ Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը, սցենարը մշակել են Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը, երկխոսությունները՝ Վահրամ Սահակյանը և Լևոն Գալստյանը, բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, կոմպոզիտորները՝ Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը:
Հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը: Պրոդյուսերներն են՝ Կարեն Ղազարյանը, Հայկ Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը: Մուլտֆիլմը համեմված է ժամանակակից հետաքրքրություններով և արտահայտություններով:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն հնչյունավորել է Ձիուկին՝ Զանգիին: «Ոչ մի կերպար հեշտ չի ստացվում, իսկ Ձին… դա առանձնակի բարդություն էր»,- խոստովանեց դերասանը՝ հավելելով, որ սա շատ հետաքրքիր էր իր համար:
Անահիտին հնչյունավորող Նազենի Հովհաննիսյանը ցուցադրությունից հետո բավականին տպավորված էր: Նա կարևորում է սկզբունքայնությունը, որն ունի իր հերոսուհին: Դերասանուհու կարծիքով՝ այս մուլտֆիլմը նաև մեծահասակների համար է նախատեսված: «Շատ կարևոր է այն գեղեցիկ աշխարհը, որը քեզ վարակում է ու թվացյալ երևակայականից տանում իրական աշխարհ: Մենք զարմանում ենք, երբ տեսնում ենք այդ գույները, զարդանախշերը, գորգագործության միջի ծաղկանախշերը: Այստեղ ամեն ինչ կա՝ բուրդ չփխելուց մինչև Վարդավառ ու Մկրտություն, Զորաց քարեր, Արցախի հողն ու իր ավանդույթները, գինին, կուժը, աղբյուրը… հավերժության մեր նշանները: Բոլոր խոհրդանիշները, որ կան մեր կյանքում, կան նաև այս ֆիլմում այն տարբերությամբ, որ մենք ցրված ենք այդ խորհրդանիշներից ու ապրում ենք դրանցից զատ: Այս մուլտֆիլմում զետեղված էր այդ ամենը, ինչը նշանակում է խտացված հետաքրքիր հայկականություն՝ մուլտֆիլմի ժամանակակից միջոցներով»,- ESem.am-ի հետ զրույցում շեշտեց դերասանուհին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: